ԱՄՆ քաղաքացի, դաշնակցական Արենի Մարկոսյանը Բեյրութից երկու օր առաջ Հայաստան էր եկել, բայց «Զվարթնոց» օդակայանում 24 ժամ մնալուց հետո ստիպված Լիբանան է վերադարձել։
«Ազատությանը» պատմեց՝ անցակետի աշխատակցիները վերցրել են անձնագիրն ու վերադարձրել միայն այն բանից հետո, երբ ինքը ՀՀ ՄԻՊ գրասենյակ է դիմել։ Բայց այդպես էլ պատասխան չի ստացել՝ ինչո՞ւ թույլ չեն տալիս մտնել Հայաստան:
«Ամբողջ գիշեր սպասեցի, ոչ մեկը ինձ բան չասաց՝ մի քիչ սպասեք, մի քիչ սպասեք», - ներկայացրեց Մարկոսյանը:
Պաշտպանի գրասենյակը երեկ հաղորդագրություն է տարածել ու ընդգծել՝ «կապ է հաստատվել իրավասու մարմնի ներկայացուցչի հետ, ով տեղեկացրել է, որ նրա մուտքը ՀՀ արգելված է, և անձնագիրը վերցրել են հետադարձ տոմսը ձևակերպելու համար»։
Ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը կեսգիշերին օդակայանում է եղել, ասաց՝ վերջին 1 տարում Արենին արդեն 6-րդ դաշնակցականն է, որ չի կարողանում մտնել հայրենիք։ Սփյուռքի նախորդ բոլոր 5 դաշնակացակնները, որոնք ԵՄ անդամ երկրների քաղաքացիներ են, դիմել են ՀՀ դատարան, որ հասկանան՝ ե՞րբ ու ինչո՞ւ հայտնվել Հայաստանի համար անցանկալի անձանց ցանկում։ Վարդանյանի պնդմամբ՝ սա քաղաքական հաշվեհարդար է:
«Ես չեմ պատկերացնում քաղաքական հայացքներով պայմանավորված հետապնդումը էլ ոնց է լինում, պոզով, պոչով չի լինում, դա հենց այսպես էլ արտահայտվում է, հենց այսպես էլ լինում է: Բացի այն հանգամանքից, որ իրենք ակտիվ մասնակցել են սփյուռքում իրականացվող ակցիաներին և ակտիվ դիրքորոշում են արտահայտել առ այն, որ իրենք դեմ են Հայաստանում ներկայումս վարվող քաղաքականությունը, իրենց ոչ մի բան չի միավորում: Ես այստեղ տեսնում եմ միտում ոչ միայն անհատներին պատժելու, այլ ուղերձ հղելու համայնքներին, որտեղ բնակվում են այդ համայնքները, որ եթե ցանկանում եք հայրենիքի հետ կապը պահպանել ու Հայաստան մուտքի իրավունք ունենալ, պետք է զերծ մնաք Հայաստանի ներկա իշխանությունների դեմ տեսակետ արտահայտելուց», - նշեց Վարդանյանը:
Արենի Մարկոսյանն ասաց՝ Ամերիկայում իրենց մասնաճյուղը կազմակերպել, ինքն էլ ակտիվ մասնակցել է Հայաստանի իշխանության դեմ բողոքի ակցիաներին, օրինակ՝ Վաշինգտոնում, Հայաստանի դեսպանատան առջև և ոչ միայն։ Ասաց՝ «մեր պայքարն է, որ Հայաստանն Արցախը չհանձնի հակառակորդին»։ Ինքն էլ է կարծում, որ քաղաքական հայացքների համար են արգելել Հայաստան մտնել:
«Չգիտեմ ինչի են կարծում, որ մենք վտանգավոր մարդիկ ենք, որովհետև միայն ցույց ենք անում, բայց ոչ մեկի վնասի տակ չենք դրել», - նշեց նա:
Իշխանական պատգամավորը բացառում է, որ դաշնակցականների մուտքը Հայաստան արգելվել է՝ քաղաքական պատճառներով
Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը բացառում է, որ դաշնակցականների մուտքը Հայաստան արգելվել է՝ քաղաքական պատճառներով։
«Ուրիշ բան, որ Դաշնակուցությունն առանց ամաչելու բազմիցս ընդունում է, որ ինքն է հենց կազմակերպիչը այն բոլոր միտինգների, ակցիաների ու պրովոկացիոն բնույթ կրող ակցիաների, որոնք տեղի են ունենում Հայաստանի սահմաններից դուրս: Օրինակ՝ երբ որ մի խումբ դաշնակցականներ Ադրբեջանի պաշտոնատար անձի հետ բանակցությունների գնացող արտգործնախարարին Հայաստանի Հանրապետության կարող են ինչ-որ պրովոկացիոն ակցիաներով ճանապարհել այդ բանակցությունների: Դա, իհարկե, շատ լավ արտահայտում է, թե ինչի մասին է առհասարակ հայաստանյան դաշնակցությունը հիմա», - ընդգծեց Ալեքսանյանը:
«Ցույցերի մասնակցելու համար կարելի՞ է մարդուն հայրենիք չթողնել», - տարակուսում է երեկ «Զվարթնոց»-ից Լիբանան վերադարձած երիտասարդ կինը։
Պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ընդգծում է՝ իրենց կուսակիցներն այդ ցույցերին մասնակցելիս կամ կազմակերպելիս օրենք չեն խախտել, ազատ խոսքի իրենց իրավունքն են իրացրել. - «Աբսուրդային է, որ մենք այս նախադեպը տեսնում ենք ամենաշատը ժողովրդավարության մասին խոսող իշխանությունների ժամանակաշրջանում»:
Անցած տարի, երբ արգելվել էր ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան, կառավարությունը պարզաբանել էր, թե ֆրանսահայ գործչի մուտքն արգելվել է, քանի որ նա Փարիզում վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության ավտոշարասյան դեմ հարձակումն է կազմակերպել, ինչը Փափազյանը հերքել էր։
Օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքն ԱԱԾ-ն է սահմանում։ Մեր հարցին՝ ինչո՞ւ Արենի Մարկոսյանը չկարողացավ Հայաստան մտնել, ԱԱԾ մամուլի բաժնից «Ազատությանը» փոխանցեցին՝ դա անձի ընտանեկան ու անձնական կյանքի գաղտնիությանը վերաբերող տեղեկություն է, պատասխանը կարող է ստանալ միայն այդ անձը կամ նրա լիազոր ներկայացուցիչը այն էլ միայն գրավոր։
Ըստ օրենքի՝ արտասահմանցու մուտքը կարող է արգելվել, եթե հավաստի տեղեկություն կա, որ այդ անձը իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է վնասել Հայաստանի պետական անվտանգությունը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն։