Մինսկում կայացել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներ հավաքը՝ առանց Հայաստանի վարչապետի

Մինսկում այսօր կայացել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներ հավաքը։ Ղեկավարների դիմավորման կադրերում երևում է, որ Մինսկի օդանավակայանում և գագաթնաժողովի անցկացման վայրում՝ Անկախության պալատում ծածանվում են ՀԱՊԿ անդամ վեց երկրների, այդ թվում՝ Հայաստանի դրոշը, սակայն երեկվանից սկսված ՀԱՊԿ երկօրյա գագաթնաժողովին Հայաստանից որևէ պաշտոնյա չի մասնակցում:

Երևանի ու դաշինքի լարված հարաբերություններին ֆոնին ոչ արտգործնախարարը, ոչ պաշտպանության նախարարը, ոչ Անվտանգության խորհրդի քարտուղարը, ոչ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեն մեկնել Մինսկ:

Գագաթնաժողովը հյուրընկալած և ՀԱՊԿ-ում նախագահությունն ավարտող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցին անդրադարձել է երկու անգամ. մեկը՝ բավական կոշտ՝ 5 առաջնորդների փակ հանդիպումից հրապարակված տեսանյութում:

«Այն փաստը, որ մենք հավաքվել ենք մեկ սեղանի շուրջ, հուշում է, որ մենք համարժեք արձագանքում և գնահատում ենք ժամանակի մարտահրավերները և պատրաստ ենք դիմակայել դրանց միասին։ Այն, որ մեր որոշ գործընկերներ ցնցումների մեջ են թե՛ հրապարակային հայտարարություններով, թե՛ սադրիչ բնույթի գործողություններով, նախևառաջ նրանց խնդիրն է։ Ես կասեմ մի բան՝ եթե կան բողոքներ, ապա պետք է դրանք բարձրաձայնել՝ նայելով միմյանց աչքերի մեջ, այլ ոչ թե խոսել լրատվամիջոցներում արված արտահոսքերով»,- ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն ընդգծել է, որ գագաթնաժողովի հանդիպումները տեղի են ունենում հենց այն նպատակով, որ քննարկվեն բոլոր սուր խնդիրները և լուծումներ գտնվեն։

«Իսկ ստեղծել կոնֆլիկտային իրավիճակ, և այդպիսով նվեր անել նրանց, ովքեր շահագրգռված չեն ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ամրապնդմամբ, դա կարող են անել միայն թիթեռի կյանք ունեցող քաղաքական գործիչները: Դա անպատասխանատու և անհեռատես վարք է», - նշել է Բելառուսի նախագահը:

Եվս մեկ անգամ ավելի մեղմ ձևակերպումներով Լուկաշենկոն Հայաստանի բոյկոտի մասին խոսել էր ընդլայնված կազմով բանակցություններից հետո:

«Մենք չենք թաքցնի, քննարկել ենք նաև իրավիճակը Կովկասում, և ՀԱՊԿ անդամներից մեկի որոշակի դժգոհությունը: Մենք միասնական եզրահանգման ենք եկել, որ խնդիրներ միշտ եղել են, կան ու կլինեն, սակայն դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե դեմարշներ արվեն առանց պատճառի: Մենք կարծիք և ցանկություն հայտնեցինք, որ հավանաբար Պետերբուրգում, որտեղ հիմնականում տնտեսական միջոցառում է լինելու, այնուամենայնիվ կտեսնենք մեր հայ բարեկամներին», - ասել է նա:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ հայտնել էր, որ ինքն էլ չի մասնակցելու ՀԱՊԿ-ի շրջանակներում դեկտեմբերին նախատեսված միջոցառմանը: Հայկական կողմի բացատրությունը նույնն է՝ Մոսկվայի առաջնորդած ռազմական դաշինքը իր պարտավորությունները չի կատարում՝ չի պաշտպանել անդամ երկրին ադրբեջանական հարձակման ժամանակ ու չի դատապարտել այդ հարձակումը։ Բայց Երևանից միաժամանակ վստահեցնում են, որ Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից։ Այսօր դա նաև փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն է վերահաստատել։ Դիվանագետը հավելել է՝ հայկական կողմը այս պահին չի քննարկում նաև ԵՏՄ-ն լքելու և Գյումրիից ռուսական 102-րդ ռազաբազան հանելու հարցերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաֆարյան. «Հայաստանը չի դիտարկում ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը»

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ևս այսօր հայտարարել է, որ Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրից դուրս գալու մասին այս պահին խոսք չկա:

Բելառուսի արտգործնախարարն էլ տեղեկացրել է, որ Մինսկի գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և հայկական կողմին կփոխանցի բոլոր որոշումները, որոնք վերջնական տեսքի են բերվել:

Ըստ Ալեյնիկի՝ բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։

Հայաստանի ներկայացուցիչների բացակայությունից բացի անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը: Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չնայած ամեն ինչին, համոզված է, որ ի վիճակի են հաղթահարել ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում առկա բոլոր դժվարությունները, որ արդեն դա անում են, նույնիսկ եթե ոչ ամբողջությամբ, հատկապես վերջերս շատ բան են անում: Բայց թե ինչ են անում, Լուկաշենկոն չի մանրամասնել։

Բելառուսի նախագահը հայտարարել է, որ ողջունում են առաջընթացը Հարավային Կովկասում հակամարտության կարգավորման գործում։ Հուսով են, որ ձեռնարկված քայլերը հիմք կդնեն կայուն և երկարաժամկետ խաղաղության համար տարածաշրջանում, որտեղ ապրում են իրենց բարեկամ երկու ժողովուրդներ՝ հայեր և ադրբեջանցիներ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համենայն դեպս հրապարակված տեսանյութերում առանձին ոչ հայ - ադրբեջանական հակամարտությանն է անդրադառնում, ոչ Հայաստանի ներկայացուցիչների բացակայությանը, խոսելով ՀԱՊԿ ընդհանուր խնդիրներից և տարվա ընթացքում կատարած աշխատանքից: