Թուրքիան դարձյալ ձգձգեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը

ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և Շվեդիայի դրոշները, արխիվ

Անկարան դարձյալ ձգձգում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումը։ Նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում հանդիպելու են Հյուսիսատլանտյան դաշինքի արտաքին գործերի նախարարները, դաշինքի որոշ ներկայացուցիչներ հույս ունեին, որ այդ նիստում Շվեդիան կհայտարարվի ՆԱՏՕ-ի անդամ, այդ առիթով արարողություն կկազմակերպվի, սակայն Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ին տեղեկացրել են, որ մինչ այդ ժամկետը չեն վավերացնի Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։

Չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերջապես համաձայնություն էր տվել Շվեդիայի անդամակցությանը, բայց հիմա էլ հարցը ձգձգվում է խորհրդարանում։ Ըստ ընթացակարգի՝ այն նախ պետք է հաստատվի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հետո քվեարկության դրվի լիագումար նիստում, որի որոշումը Թուրքիայի նախագահի կողմից ստորագրվելուց հետո ուժի մեջ կմտնի։

Նոյեմբերի 16-ին հանձնաժողովը քննարկել էր հարցը, բայց որոշում չէր ընդունել, և այս պահին դեռ պարզ չէ, թե հանձնաժողովը երբ է մտադիր կրկին անդրադառնալ այդ հարցին։ Ենթադրվում է, որ դա տեղի կունենա գալիք շաբաթ, բայց կոնկրետ ժամկետ չի հայտարարվել։ Հանձնաժողովի նախագահ Ֆուադ Օքթայը, ով Թուրքիայի նախկին փոխնախագահն է, առանձնապես կարևորություն չի տվել հարցին։ Անցած շաբաթ նա ասել էր, որ այդ հարցը Թուրքիայի համար հրատապ չէ, արտահեթ նիստ չի պահանջվում, կքննարկվի հերթական սովորական օրակարգով։ «ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը մեր օրակարգի միջազգային համաձայնագրերից միայն մեկն է, որը սպասում է վավերացման», - ասել է Օքթայը։

Շվեդիայի անդամակցության հայտը Հյուսիսատլանտյան դաշինքի 31 անդամներից չեն վավերացրել միայն Թուրքիան և Հունգարիան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման բանաձևի քննարկումըԹուրքիայի խորհրդարանում սկսել են քննարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման բանաձևը