Այսօր ժամը 22։00-ից Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կհեռարձակվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող 26-րդ Հեռուստամարաթոնը։
«Երեք ժամ տևողությամբ ծրագիրը կներկայացնի Հիմնադրամի կողմից սահմանամերձ համայնքների զարգացման և բռնի տեղահանված մեր հայրենակիցների հրատապ աջակցության ուղղությամբ իրականացված և ընթացիկ բազմաբնույթ ու լայնածավալ ծրագրերը», - ասված է Հիմնադրամի հաղորդագրությունում: - «Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է իր որդեգրած սահմանամերձ համայնքների զարգացման և Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու առաքելությունը»։
Հեռուստամարաթոնը կսփռվի նաև արբանյակային կապով՝ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության կայքէջում՝ www.1tv.am, իսկ նոյեմբերի 23-ից հետո ամբողջությամբ կտեղադրվի Հիմնադրամի կայքէջում և ֆեյսբուքյան էջում։
Ամենամյա հեռուստամարաթոնին կհաջորդի Հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի (Armenia Fund) հեռուստամարաթոնը ԱՄՆ Արևմտյան ափում: