Ո՛չ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը, ո՛չ ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուներն ընդգրկված չեն պատժամիջոցների որևէ ցուցակում, պարզաբանում են ընկերությունից՝ նշելով նաև՝ ընկերության նկատմամբ որևէ միջազգային պատժամիջոց կիրառելի չէ։
Ամերիկայի Միացյալ Նահանգները 2023-ի նոյեմբերի սկզբին հայտարարեց պատժամիջոցների մասին, որոնք թիրախավորում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորներից համարվող Տրոցենկոներին պատկանող մի շարք ընկերություններ, այդ թվում՝ AEON corporation-ը։
Թե՛ Գլեբ Տրոցենկոն, թե՛ AEON corporation-ը առնչվում են Հայաստանի հետ: Ըստ պետռեգիստրի՝ Գլեբ Տրոցենկոն տիրապետում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ամենախոշոր՝ ավելի քան 40 տոկոս մասնաբաժինը: Հենց Տրոցենկոների կողմից «Զանգեզուրի» բաժնեմասերի մեծ մասը ձեռք բերելու և դրանց մի մասը Հայաստանին փոխանցելու շնորհիվ 2021 թվականից նաև Հայաստանի կառավարությունն է կոմբինատի բաժնետեր դարձել և այժմ տիրապետում է կոմբինատի ավելի քան 20 տոկոս բաժնեմասերը:
Պղնձամոլիբդենային կոմբինատից այսօր սակայն պարզաբանել են՝ «նախկինում ընկերության իրական շահառու Տրոցենկոն այլևս չի հանդիսանում իրական շահառու՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ընկերությունում իր անուղղակի ամբողջ բաժնեմասի օտարման հետևանքով: Ներկայում Տրոցենկոյի և ընկերության միջև որևէ հարաբերություն առկա չէ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պղնձամոլիբդենային կոմբինատի խոշոր բաժնետերը՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ. ի՞նչ ազդեցություն սա կարող է ունենալԸնկերությունը վկայակոչել է Հայաստանի արդարադատության նախարարության իրավաբանական անձանց Պետական ռեգիստրի պաշտոնական կայքը, ըստ որի, Տրոցենկոյի անունը բացակայում է ընկերության բաժնետերերի ցուցակից։
Այնտեղ ցուցակագրված ամենամեծ բաժնետերը Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Էրշովան է՝ մոտ 48 տոկոս մասնակցությամբ։ Հայտնի է, որ Էրշովան գործարար կապեր ուներ Գլեբ Տրոցենկոյի հոր՝ Ռոման Տրոցենկոյին պատկանող ընկերության հետ։
««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հավատարիմ է մնում թափանցիկ կորպորատիվ կառավարման իր հանձնառությանը, և օրենքով սահմանված կարգով պարբերաբար իրական շահառուների մասին հայտարարագրերի հրապարակումը ընդգծում է ընկերության շարունակական ջանքերը՝ ապահովելու գործարար վարքագծի ամենաբարձր չափանիշները», - ասվում է ընկերության հաղորդագրությունում։
ԶՊՄԿ-ն Հայաստանի թիվ մեկ հարկատուն էր 2022 թվականին և մնում է առաջինը նաև 2023-ին։ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023 թվականի առաջին 9 ամիսներին ընկերությունը պետական բյուջե է մուտքագրել 52,4 մլրդ դրամ (մոտ 130 մլն դոլար):