Գազայում ռազմական գործողությունները չորս օրով դադարեցնելու պայմանավորվածությունը հարցականի տակ է․ BBC

«Համասի» և Իսրայելի միջև գերիների փոխանակման գործընթացը, որը ներառում էր մարտերի չորսօրյա դադար, հարցականի տակ է, հաղորդում է BBC-ին։

ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը հայտարարել էր, որ չորսօրյա դադարը մեկնարկելու է հինգշաբթի առավոտյան ժամը 10-ին, սակայն իսրայելական աղբյուրը BBC-ին հայտնել է, որ գործընթացում հետընթաց է գրանցվել՝ նշելով, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարության անվտանգության հարցերով խորհրդականն ասել է, որ մինչև ուրբաթ «Համաս»-ի կողմից իսրայելցի պատանդներ չեն ազատվի:

Իսրայելի կառավարությունն ու «Համաս»-ը չորեքշաբթի օրը պայմանավորվել էին չորսօրյա դադարի մասին՝ ազատ արձակելու Գազայում պահվող 50 պատանդների՝ Իսրայելում բանտարկված 150 պաղեստինցիների դիմաց։ Հաղորդվել էր, որ կթույլատրվի նաև հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված:

BBC-ին հաղորդում է, որ հումանիտար բեռներով բեռնված մեքենաները կանգնած են Եգիպտոսի «Ռաֆահ» անցակետի մոտ դեպի Գազա մուտք գործելու համար՝ ակնկալելով ռազմական գործողությունների դադար։

Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 1200 իսրայելցի, որոնց ճնշող մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են, 240 մարդ պատանդ է վերցվել: «Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի առողջապահության նախարարությունը պնդում է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի բանակի պատասխան գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 14 հազար մարդ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը պատրաստ է առնվազն 4 օրով դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում