Մատչելիության հղումներ

Իսրայելնն ու «Համաս»-ը պայմանավորվել են քառօրյա դադարի շուրջ․ Reuters


Իսրայելի կառավարությունն ու «Համաս»-ը (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) չորեքշաբթի օրը պայմանավորվել են քառօրյա դադարի մասին՝ ազատ արձակելու Գազայում պահվող 50 պատանդների՝ Իսրայելում բանտարկված 150 պաղեստինցիների դիմաց, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ կթույլատրվի նաև հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված:

Քաթարը, որ միջնորդում է գաղտնի բանակցությունները, ինչպես նաև ԱՄՆ-ը, Իսրայելը և ծայրահեղական «Համաս»-ը օրեր շարունակ մոտալուտ հրադադարի հույս էին հայտնում։

«Չորս օրվա ընթացքում ազատ կարձակվեն առնվազն 50 պատանդներ՝ կանայք և երեխաներ, այդ ընթացքում կլինի մարտական դադար։ Յուրաքանչյուր լրացուցիչ տասը պատանդի ազատ արձակման դիմաց դադարը կերկարի ևս մեկ օրով», - ասվում է Իսրայելի կառավարության հայտարարությունում, որը հրապարակվել է ժամեր շարունակ տևած քննարկումներից հետո և որը փակ էր մամուլի համար։

Հայտարարությունում, սակայն, չի նշվում թե քանի պաղեստինցի ազատ կարձակվի։

«Իսրայելի կառավարությունը, Իսրայելի պաշտպանության բանակը և անվտանգության ծառայությունները կշարունակեն պատերազմը, որպեսզի տուն վերադարձնեն բոլոր պատանդներին, ավարտին հասցնեն «Համաս»-ի ոչնչացումը և երաշխավորեն, որ Գազայից Իսրայելի համար նոր սպառնալիք չի լինի», - ասված է հայտարարությունում։

«Համաս»-ի ահաբեկիչների պաշտոնյաների պնդմամբ, հոկտեմբերի 7-ին մեկնարկած պատերազմի ընթացքում նոյեմբերի 20-ի դրությամբ Գազայում սպանվել է առնվազն 13 հազար 300 պաղեստինցի, այդ թվում՝ 5 հազար 600 երեխաներ և 3 հազար 550 կանայք: Անկախ աղբյուրները չեն կարող ընթացող պատերազմի պայմաններում պարզել այդ տվյալների արժանահավատությունը:

Իսրայելցիների շրջանում «Համաս»-ի հարձակումների հետևանքով սպանվել է 1200 մարդ: Կան վիրավորներ և առնվազն 240 պատանդներ: Հենց դա է հիմա իսրայելցիների համար ամենացավոտ հարցերից մեկը:

XS
SM
MD
LG