Հայաստանի ԱԳ նախարարը չի մասնակցի նոյեմբերի 22-ի ՀԱՊԿ նիստին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Այս մասին Միրզոյանը հայտնել է Բելառուսի իր գործընկերոջ՝ Սերգեյ Ալեյնիկի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Չմասնակցելու պատճառների մասին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում չի նշվում:

Բելառուսի ԱԳ նախարարի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ գործունությանն առնչվող հարցերի:

Միրզոյանն ու Ալեյնիկը մտքեր են փոխանակել նաև հայ-բելառուսական երկկողմ օրակարգի շուրջ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտնել է, որ չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը շարունակում է դժգոհել ՀԱՊԿ-ից, սակայն կառույցը լքել դեռ չի պատրաստվում

Պաշտոնական Երևանը բազմիցս է հայտարարել դաշինքից իր դժգոհությունների մասին․ Հայաստանը ՀԱՊԿ-ից պահանջել էր դատապարտել 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այս պահանջը ՀԱՊԿ-ն այդպես էլ չկատարեց։ Տարեսկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի Հայաստանում չեն կայանա՝ պարզաբանելով, թե ՀԱՊԿ-ից դեռ կոնկրետ գնահատականների են սպասում՝ հասկանալու, թե որն է դաշինքի պատասխանատվության գոտին։ Հայաստանը հրաժարվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, ետ է կանչել ռազմական դաշինքից իր դեսպանին ու մինչ օրս նորին չի նշանակել։