Եվրամիությունը քննարկում է Շենգենյան գոտում ռուս դիվանագետների ազատ տեղաշարժն արգելելու հարցով Չեխիայի առաջարկը, հայտնում է Financial Times-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ պաշտոնական Պրահան առաջարկում է ռուս դիվանագետներին վիզաներ և կացության թույլտվություն տրամադրել միայն այն երկրում, որտեղ նրանք աշխատում են։ Բացի այդ, ըստ Չեխիայի իշխանությունների, ԵՄ երկրները պետք է դիվանագետներից ընդունեն բացառապես կենսաչափական անձնագրեր, որոնք ավելի դժվար է կեղծել։
Պրահան կարծում է, որ այդ առաջարկները ընդունվելու դեպքում հնարավոր կլինի կանխել ռուսաստանյան հատուկ ծառայությունների գործակալների ներթափանցումը Շենգենյան գոտի։
Financial Times-ը նշում է, որ Չեխիայի առաջարկը քննարկվում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 12-րդ փաթեթի բանակցությունների շրջանակներում։