Վաշինգտոնը պատրաստ է նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, և շարունակում է ներգրավել երկու երկրների ղեկավարությանը՝ հասնելու տևական ու ամուր խաղաղությանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները, ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Կարևոր է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն քննարկեն և լուծեն հարցեր՝ ի շահ տարածաշրջանի, նաև ասել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ կարևորելով Երևանի և Բաքվի դեմ առ դեմ բանակցությունները՝ երկարաժամկետ համաձայնության հասնելու համար։
«Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկում են նպաստել այդ բանակցություններին: Մենք ողջունում ենք այդ ջանքերը», - ասել է Միլլերը։
Բաքուն հայտարարեց, որ հրաժարվում է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումից՝ նշելով, որ վաշինգտոնյան հարթակն այլևս ընդունելի չէ Բաքվի համար Երևանի հետ բանակցություններում և որ նշելով, որ մտադիր չեն ԱՄՆ-ի նախաձեռնությամբ բանակցել Հայաստանի հետ՝ ԱՄՆ-ին մեղադրելով միակողմանի մոտեցման համար, որի հետևանքով այդ երկիրը կարող է կորցնել միջնորդի իր դերը։ Բաքուն նաև ակնարկել է, թե Միացյալ Նահանգները առաքելությունը ձախողած Մինսկի խմբի համանախագահներից մեկն է։
Երևանը բազմիցս նշել է, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Վաշինգտոնում շարունակելու հնարավորություն է տեսնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն փորձում է բանակցային գործընթացները դուրս բերել արևմտյան ազդեցությունից. քաղաքագետ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը զուսպ է արձագանքում Վաշինգտոնի հանդիպումից հրաժարվելու Բաքվի որոշմանը