Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները, որոնցում Նիկոլ Փաշինյանը խոսել էր Բաքվի կողմից «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի օգտագործման մասին։
«Ես Ադրբեջանից պետական մակարդակում հնչող նման հայտարարությունների ծանոթ չեմ», - հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Պեսկովի խոսքով՝ հակառակը, Մոսկվայում Ադրբեջանից միանգամայն այլ հայտարարություններ են լսել։
«Մենք Ադրբեջանի ղեկավարության այն հայտարարություններն ենք լսել, որոնցում խոսվում է մի փուլի ավարտի և խաղաղ համաձայնագրի պատրաստակամության փուլին անցնելու անհրաժեշտության մասին», - պնդել է Դմիտրի Պեսկովը՝ հավելելով՝ «այդ իսկ պատճառով պարոն Փաշինյանի հայտարարության այդ մի հատվածի պահով ոչինչ ասել չեմ կարող»։
Փաշինյանը, շաբաթ օրը դիմելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրականներին, հայտարարեց՝ Երևանի համար չափազանց կասկածելի է թվում, որ Ադրբեջանում պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»:
«Եվ այս հայեցակարգը ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով: Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում, և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է», - ասաց գործադիրի ղեկավարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն կրկին խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, նոր քայլեր անում