Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին փուլում Հայաստանի հավաքականը Երևանում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Ուելսի ընտրանու հետ:
Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում շաբաթ օրը կայացած հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Լուկաս Սելարայանը, առաջին խաղակեսին մրցավարի ավելացրած րոպեներին Նաիր Տիկնիզյանը գրավեց սեփական դարպասը: Երկրորդ խաղակեսին գոլ չգրանցվեց՝ չնայած Հայաստանի թիմի ակնհայտ առավելությանը և մի քանի գոլային պահերին: Թեև ավելի քիչ, բայց Հայաստանի թիմի դարպասի մոտ սուր պահեր ստեղծեցին նաև ուելսցիները:
Ընտրական մրցաշարի 7 խաղից հետո 8 միավորով Հայաստանի հավաքականը նախավերջին՝ 4-րդ տեղն է գրավում D խմբի աղյուսակում: Առաջին երեք հորիզոնականներում են, համապատասխանաբար, Թուրքիան՝ 16 միավորով, Ուելսը՝ 11 միավորով, և Խորվաթիան՝ 10 միավորով: Խորվաթիան, սակայն, առայժմ մեկ խաղ պակաս է անցկացրել և այսօր ավելի ուշ Ռիգայում հանդիպում է խմբի հետնապահ Լատվիայի հետ:
Մրցաշարի վերջին փուլում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 21-ին Զագրեբում կհանդիպի Խորվաթիայի ընտրանու հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրո-2024-ի ընտրական մրցաշար․ Հայաստանը պարտվեց Ռիգայում