Հետաքննող լրագրողները, հիմնվելով բաց աղբյուրներում հրապարակված տվյալների վրա, հայտնել են, որ Ուկրաինայում զոհվել է առնվազն 37 հազար 52 ռուս զինծառայող:
Հաշվարկում օգտագործվել են ռուսական ՏԻՄ հաղորդած տեղեկությունները, զոհվածների հարազատների կողմից հրապարակված մահախոսականները, գերեզմանոցներում գրանցված նոր անունները և տեղական ԶԼՄ-ների նորությունները:
Պատերազմի սկզբից հետազոտություններ են անցկացնում Mediazona-ի և BBC-ի ռուսական ծառայության խմբագիրները։
Վերջին հաշվարկի հրապարակումից անցած 2 շաբաթվա ընթացքում հաստատված կորուստների թիվը 1272-ով է ավելացել:
2023-ի աշնանը զինվորականների մահվան մասին հաղորդումները 25-38 տոկոսով ավելի հաճախ են եղել, ինչը հետազոտողները կապում են Դոնեցկի մոտ գտնվող Ավդեևկա ավանի համար ընթացող ծանր մարտերի հետ:
Ռուսական կողմն ամեն բան անում է այդ տարածքը հսկողության տակ առնելու համար:
Անցած 2 շաբաթվա ընթացքում հայտնի դարձավ, որ ռազմաճակատում զոհվել են փոխգնդապետ և բարձր կոչումով 14 ավագ սպաներ:
Ենթադրվում է, որ ռուս զինվորականների զոհերի իրական թիվը, հավանաբար, բազմապատիկ ավելի է։
Ռազմական գրաքննությունը Ռուսաստանում գործում է անցյալ տարվա փետրվարից, իշխանությունները կորուստների մասին տեղեկատվությունը համարում են գաղտնիք և չեն հաղորդում:
The New York Times-ի տվյալներով, ԱՄՆ Սպիտակ տան աղբյուրներն ամռանը հրապարակել են զեկույց, որի համաձայն, Ուկրաինայում, ամենայն հավանականությամբ, զոհվել է մոտ 120 հազար ռուսաստանցի զինծառայող:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում սպանված ռուս զինվորականների թիվը գերազանցել է 31 հազարը. զեկույց