Բաքվուն հաշվարկել են Ուկրաինայում զինված հակամարտության մեկնարկից ի վեր զոհված, վիրավորված և անհետ կորած ադրբեջանցիների թիվը։
Report ադրբեջանական լրատվական գործակալության հետաքննության արդյունքների համաձայն, 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված պատերազմում, որը Մոսկվան անվանում է «Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիա», զոհվել է առնվազն 130 էթնիկ ադրբեջանցի, մոտ 100-ը վիրավորվել է և 70-ը համարվում է անհետ կորած:
Վերջիններիս մեծ մասը նախքան պատերազմը բնակվել է Դոնեցկի շրջանում և մասնավորապես՝ Մարիուպոլում։
Ըստ Report-ի հաղորդագրության, այդ տվյալները հաշվարկվել են գործակալության տեղական բյուրոյի կողմից և պաշտոնական վիճակագրություն չեն կարող համարվել, «հետևաբար, Ուկրաինայում զոհված և անհետ կորած ադրբեջանցիների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել»։
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Բաքուն Կիևին տրամադրում է ոչ միայն մարդասիրական օգնություն, այլև սպառազեն:
Տեղեկություններ են ստացվել նաև ուկրաինական ազգայնական գումարտակների կողմից մարտական գործողություններին ադրբեջանցի վարձկանների մասնակցության մասին։