Բացասական գնահատելով նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը չեղարկելու Բաքվի որոշումը՝ Հայաստանի իշխող ուժը կոչ է անում Ադրբեջանին կառուցողական քննարկումների դաշտ վերադառնալ։
«Մենք տեսնում ենք ոչ-կառուցողական մոտեցում, ինչը, իր հերթին, կարող է ծնել բազմաթիվ խնդիրներ և ռիսկեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն հրաժարվում է Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումիցԱդրբեջանը Վաշինգտոնի բանակցությունները չեղարկեց՝ դժգոհելով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հայտարարություններից։ Ջեյմս Օ՛Բրայանն օրերս քննադատել էր Բաքվին՝ զգուշացնելով՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները սեպտեմբերի 19-ից հետո նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չեն տեսել խաղաղության շուրջ բանակցություններում։ Ի պատասխան, Բաքուն միակողմանի էր որակել ԱՄՆ-ի այս մոտեցումը՝ զգուշացնելով, թե Վաշինգտոնը կարող է կորցնել միջնորդի իր դերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկա շաբաթները որոշիչ կլինեն հայ-ադրբեջանական բանակցություններում․ ԱՄՆ պետքարտուղարի օգնականՎաշինգտոնից առաջ Ադրբեջանը նաև հրաժարվել էր Գրանադայի և Բրյուսելի հանդիպումներից։ Այս ամենից հետո անգամ Հայաստանի իշխանությունը դեռ չի բացառում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա«Մենք որևէ բան չենք բացառում, մենք կառուցողական կերպով առաջ ենք շարժվում խաղաղության օրակարգով, և կրկնում եմ՝ հույս ունեմ նաև, որ մեր միջազգային գործընկերների միջնորդությամբ և ջանքերով հնարավոր կլինի արդյունավետ կերպով առաջ շարժվել և Ադրբեջանին վերադարձնել կառուցողական դաշտ», - ընդգծեց Արթուր Հովհաննիսյանը:
Արևմտյան հարթակները Բաքվին այլևս հետաքրքիր չեն. Արթուր Խաչատրյան
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, մինչդեռ, վստահ է՝ Ալիևը մերժեց սկզբում Եվրամիության, ապա նաև՝ ԱՄՆ միջնորդությամբ կազմակերպված հանդիպումները, քանի որ արևմտյան հարթակներն Ադրբեջանին այլևս հետաքրքիր չեն. Բաքուն արդեն ստացել է այն, ինչ իրեն պետք էր՝ Արցախը:
«Չմոռանանք, որ առաջին անգամ արևմտյան հարթակում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ, չունենալով դրա որևէ իրավունք, ճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ: Նրանք այդ հարթակներում ստացան ինչ որ ուզում էին, հիմա այլևս էնտեղից ստանալու բան չունեն: Դա է հիմնական պատճառը», - «Ազատության» հետ զրույցում ասաց դաշնակցական պատգամավորը՝ հավելելով. - «Ինչով է հղի՞՝ հղի է նոր պատերազմով»:
Բաքուն փորձում է հասկանալ՝ գնա՞լ ռազմական ճանապարհով, թե՞՝ ոչ. Տիգրան Աբրահամյան
Այն, որ Ադրբեջանը վերջին երկու ամսում երեք հանդիպում է չեղարկել, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ, ցույց է տալիս, որ Բաքուն ժամանակ է շահում՝ փորձելով հասկանալ, արդյոք արժե՞ գնալ ռազմական գործողությունների ճանապարհով՝ իր առավելագույն նպատակներին հասնելու համար:
«Կարծում եմ՝ որոշակի հաշվարկ և ուժերի բալանսի վերագնահատում է այս պահին Ադրբեջանում տեղի ունենում, որովհետև ակնհայտորեն Ադրբեջանը ունի այսօր նաև տարածքային հավականություններ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերի նկատմամբ, վերջին շրջանում բավականին ակտիվ, ըստ էության, խոսում էին հայտնի այսպես կոչված անկլավների՝ ութ գյուղերի նկատմամբ իրենց պահանջների մասին, և միգուցե Ադրբեջանը այս փուլում փորձում է ժամանակ շահել, գնահատել իրավիճակը՝ մաքսիմալին իր նպատակներին հասնելու համար կոնկրետ ուղություններով դիմի՞ ռազմական գործողությունների, թե՞՝ չէ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Աբրահամյանը:
Երևանը քննարկում է ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու Մոսկվայի առաջարկը
Մինչ Բաքուն բոյկոտում է բանակցությունների արևմտյան հարթակները, այսօր Ռուսաստանում Հայաստանի դեսպանն «Ինտերֆաքս»-ին ասել է, թե Երևանը քննարկում է ռուսական կողմի առաջարկը՝ Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ, սակայն կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա։
«Հայկական կողմը ոչ մի առաջարկ չի մերժում, աշխատանքներն են ընթանում», - ասել է դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
Արտգործնախարարությունից լրացուցիչ մեկնաբանություն չտվեցին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կա ՌԴ-ում Միրզոյան-Բայրամով հանդիպում անցկացնելու առաջարկ, բայց կոնկրետ պայմանավորվածություն չկա»