2024 թվականի փետրվարի 8-ից Մոլդովան կդադարի լինել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի անդամ, դա որևէ վնաս չի հասցնի Վեհաժողովին, սակայն Մոլդովան ինքը հսկայական կորուստներ կկրի։ Այդ մասին Բիշքեկում լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Այսօր Ղրղըզստանի մայրաքաղաքում գումարվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստը:
«Մոլդովայի՝ ՄԽՎ-ից դուրս գալու մասին հայտարարությունից հետո սկսվել է ընթացակարգ, որը կավարտվի 2024 թվականի փետրվարի 8-ին: Այդ օրվանից Մոլդովան պաշտոնապես այլևս չի լինի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի անդամ, մեր Վեհաժողովին վնաս չկա, Վեհաժողովը շարունակում է աշխատանքը։ Սա, իհարկե, մեծ կորուստ է հենց Մոլդովայի համար», - ասել է Մատվիենկոն:
Բիշքեկյան հավաքին Մատվիենկոյի հետ մեկտեղ ԱՊՀ խորհրդարանների ղեկավարներից մասնակցում են Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, Ղրղըզստանի խորհրդարանի՝ Ժողորկու Քենեշի նախագահ Նուրլանբեկ Շաքիևը, Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովան, ինչպես նաև ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների խորհրդարանական այլ ներկայացուցիչներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոլդովան արգելափակել է ռուսական պետական լրատվամիջոցների կայքերը