Ադրբեջանը ձգտում է խաղաղության, Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման, X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ընդգծելով, թե ԵԱՀԿ-ն չկարողացավ կարգավորել հակամարտությունը՝ Հաջիևը
Մինսկի խմբին մեղադրել է ձախողելու մեջ՝ շեշտելով, թե Մինսկի խմբի համանախագահության «ինստիտուտը տապալվեց», քանի որ այդ ինստիտուտի առաքելությունն էր «պահպանել և շարունակել Հայաստանի օկուպացիան Ադրբեջանի դեմ»։ Հաջիևը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահող երկրներից էր։
«Ռազմական օկուպացիայի և անարդարության այս գլուխն այժմ փակված է»,- գրել է Հաջիևը՝ նշելով, որ Ադրբեջանի օրակարգն այժմ ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։
«Բայց ցանկացած խաղաղ ներգրավվածություն պահանջում է, որ երկու կողմերն էլ իրենց դերակատարությունն ունենան, Հայաստանը նույնպես պետք է իր դերը կատարի ու բարի կամք դրսևորի: Այժմ տարածաշրջանում ի հայտ են եկել նոր իրողություններ և ստատուս քվո։ Այս նոր իրողությունները հիմնված են արդարության և օրինականության վրա», - եզրափակել է Ադրբեջանի նախագահի օգնականը:
Պաշտոնական Երևանը հայտարարել էր, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Վաշինգտոնում շարունակելու հնարավորություն է տեսնում։
Բաքուն երեկ արձագանքեց՝ նշելով, որ հրաժարվում է Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումից՝ ընդգծելով, թե «Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցման հետևանքով այդ երկիրը կարող է կորցնել միջնորդի իր դերը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը վերահաստատում է՝ շարունակում է աջակցել խաղաղ բանակցություններին