Ինչպե՞ս է ընտանեկան բռնությունից՝ Ինգուշեթիայից Հայաստան փախած 21-ամյա աղջկա հորեղբայրը մտել ոստիկանական բաժանմունք, աղջկա հետ մենակ մնացել քննիչի սենյակում, ո՞վ է եղել այն բարձրաստիճան պաշտոնյան, որի հետ կապերը մեջբերելով, հպարտացել էր, թե բոլորի հարցերը կլուծի։
«Հիմա ոստիկանության սենյակում եմ՝ Հայաստանում, ես Ինգուշեթիայում չեմ։ Կոմֆորտային չէ վիճակս, բայց այն կապերը, որոնց դիմել եմ, ինձ թույլ են տվել նստել քննչական մասի ղեկավարի սենյակում, որտեղից էլ խոսում եմ ձեզ հետ», - նշել է հորեղբայրը։
Ոստիկանությունից չպատասխանեցին մեր հարցին՝ ծառայողական քննություն նախաձեռնվե՞լ է պարզելու, թե ով է ոստիկանության՝ Սերգեյ անունով աշխատակիցը: Ասացին՝ գործը Քննչականի տիրույթում է, այս կառույցից նույնպես ոչ մի տեղեկություն չտվեցին։ Խոսնակը միայն պնդել է, թե աղջիկը քննչական բաժնում գտնվելու ընթացքում ընտանիքի անդամներից, հարազատներից որևէ մեկի հետ չի հանդիպել, շփում չի ունեցել։ Մինչդեռ Ֆաթիմա Զուրաբովան ինքն էր այդ մասին պատմել՝ ոստիկանությունից ուղարկած ձայնագրությամբ:
«Սկզբից իր ընկերոջ հետ ինձ փակեցին մի սենյակում, հետո ընկերը դուրս եկավ ու հորեղբայրս մնաց։ Երբ ասացի, որ փաստաբանիս եմ սպասում և իր հետ խոսել չեմ ուզում, ասաց՝ կպոկեմ նրա ականջներն ու ոտքերը, որ ինձ օգնության չհասնի», - պատմել է աղջիկը:
Ոստիկանական բաժանմունքում աղջկա հետ հանդիպել է նաև Ինգուշեթիայից եկած մայրը: Շուրջ 2 ժամ տևած զրույցում դուստրը պնդում էր, որ եղբայրն իրեն գոտիով ծեծել է, ստորացրել, ծաղրել ու որ ինքը չի ցանկանում վերադառնալ, որովհետև գիտի՝ կսպանեն իրեն: Մայրն այդ ողջ ընթացքում համոզում էր դստերը, խնդրում, որ վերադառնա:
«Եթե չվերադառնաս, քեզ այստեղ կկալանավորեն տնից գողություն կատարելու համար»,- ասել է մայրը, հետո հավելել, իբր՝ հումոր էր:
Ի՞նչ հիմքով էր Զուրաբովան տարվել ոստիկանություն, ինչո՞ւ են հարզատները հայտնվել նույն սենյակում ու ժամերով համոզել, սպառնալիքներ հնչեցրել, հոգեբանական ճնշում գործադրել, որ աղջիկը վերադառնա, ո՞վ էր Սերգեյը, որ օգնել էր Ֆաթիմայի հորեղբորը՝ Ինգուշեթիայի էկոնոմիկայի նախկին նախարար, Վլադիմիր Պուտինի իշխող կուսակցության անդամ ու նախկին պատգամավոր Յուսուբ Զուրաբովին:
Փաստաբան Իննեսա Պետրոսյանը պնդում է՝ այս ամենը պետք է բացահայտվի. - «Պետք է նաև ծառայողական քննություն անել և պարզել, թե իրականում այդ Սերգեյ անունով անձնավորությունն ով է և իրականում ինչ կապեր են օգտագործվել, որ այդ անթույլատրելի արարքը թույլ է տրվել ոստիկանության բաժնում, իրենք էլ քաջ տեղյակ լինելով, նաև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց տեղեկացրել էին, բայց իրենք թույլ են տվել այդ հանդիպումը, ինչն, իմ կարծիքով, միանշանակ անթույլատրելի է»:
Զուրաբովային Հայաստանի ոստիկանությունը նախ փնտրել է որպես անհետ կորած, հետո գտել Աշտարակի բնակարաններից մեկում ու տարել բաժանմունք: Ֆաթիման մինչ այդ տեսաուղերձ էր տարածել ու խնդրել էր իրեն չփնտրել:
Ֆաթիման արդեն անվտանգ վայրում է՝ ապաստարանում: Մանրամասները փաստաբանները չեն հայտնում։
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, թե «հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո»:
Փաստաբան Իննեսա Պետրոսյանն ասում է՝ այդպես էլ բաց մնաց կարևոր մի հարց, ինչո՞ւ են բռնության ենթարկված կանայք իրավապահների աջակցությունը ստանալու փոխարեն հաճախ հակառակ վերաբերմունքին արժանանում:
Փաստաբանին ուղարկված ձայնագրությունում Ֆաթիման ասել էր՝ հորեղբոր ցուցումով հայաստանցի ոստիկանները վերցրել են իր հեռախոսն ու տարել ողջ ինֆորմացիան՝ նամակագրություններից սկսած: Ինգուշեթիայի ՀԿ-ներից մեկի իրավապաշտպանի հետ զրույցում հորեղբայրը հաստատել էր՝ այո, այդ տեղեկություններն իր ձեռքի տակ են: