Մատչելիության հղումներ

Ընտանեկան բռնության պատճառով փախած և Հայաստանում ապաստանած աղջիկն, ըստ իրավապաշտպանների, երեկ ձերբակալվել է


Ընտանեկան բռնության պատճառով Ինգուշեթիայից՝ հարազատներից փախած, և Հայաստանում ապաստանած Ֆաթիմա Զուրաբովան, ըստ իրավապաշտպանների, երեկ ձերբակալվել է Հայաստանի ոստիկանության կողմից ու մի քանի ժամ պահվել բաժանմունքում՝ առանց փաստաբանի և որևէ կարգավիճակի։

«Անունս Ֆաթիմա Զուրաբովա Ահմատովնա է, ծնվել եմ 2002-ի մարտին․․երեկ՝ նոյեմբերի 8-ին հեռացել եմ տնից, որովհետև հոգնել էի իմ ընտանիքի կողմից շարունակվող ծեծից, վիրավորանքներից ու նվաստացումներից։ Ինձ հետ տանից որևէ թանկարժեք բան չեմ վերցրել։ Խնդրում եմ, ինձ մի փնտրեք և հետախուզում մի հայտարարեք, ինձ հետ ամեն բան լավ է», - նշել է նա։

21-ամյա աղջիկը պատմում է, որ ոչ միայն իրեն այստեղ չեն պաշտպանել, այլ ավելին՝ փակել են մի սենյակում բռնարարներից մեկի՝ հորեղբոր հետ, ու վերջինս անգամ սպառնալիքներ է հնչեցրել թե՛ աղջկա, թե՛ իրավապաշտպանների հասցեին։

Թե ինչպե՞ս է տղամարդը մտել ոստիկանություն, միջամտել քննությանն ու ազատորեն հրահանգներ տվել աջուձախ՝ ոստիկանությունից չմանրամասնեցին։ Հայտնի է միայն, որ նա Ինգուշեթիայի տնտեսական զարգացման նախկին նախարարն է եղել, Վլադիմիր Պուտինի իշխող կուսակցության պատգամավոր։

«Սկզբից իր ընկերոջ հետ ինձ փակեցին մի սենյակում, հետո ընկերը դուրս եկավ ու հորեղբայրս մնաց։ Երբ ասացի, որ փաստաբանիս եմ սպասում և իր հետ խոսել չեմ ուզում, ասաց՝ կպոկեմ նրա ականջներն ու ոտքերը, որ ինձ օգնության չհասնի», - պատմում է աղջիկը:

Այս ձայնագրությունը ոստիկանության շենքից Ֆաթիման ուղարկել է «Մարեմ» կանանց աջակցման կենտրոնի իրավապաշտպաններին։ Հորեղբայրն էլ իրավապաշտպանների հետ զրույցում չի թաքցրել, որ ազդեցիկ կապեր ունի Հայաստանում, որոնց օգնությամբ էլ մտադիր է հարցը լուծել:

«Կովկասում 21 տարեկան երեխան ի՞նչ կարող է որոշել։ Հիմա ոստիկանության սենյակում եմ՝ Հայաստանում, ես Ինգուշեթիայում չեմ։ Կոմֆորտային չէ վիճակս, բայց այն կապերը, որոնց դիմել եմ, ինձ թույլ են տվել նստել քննչական մասի ղեկավարի սենյակում, որտեղից էլ խոսում եմ ձեզ հետ», - նշել է հորեղբայրը։

Աղջիկը փորձել է հայաստանցի ոստիկաններին բացատրել՝ փախել է ընտանեկան բռնություններից, եթե վերադառնա, իրեն կսպանեն. - ««Հորեղբայրս ընկեր ունի Հայաստանի ոստիկանությունում, անունը Սերգեյ է և կարծում եմ, որ հենց իր միջոցով են իմ մասին ամեն ինչ իմացել։ Եթե ես վերադառնամ, վստահ եմ, վերջս վատ կլինի, ինձ կվնասեն՝ կա՛մ կծեծեն, կա՛մ կսպանեն»:

Հետո հեռախոսն աղջկա մոտից առգրավել են, համենայնդեպս, ժամեր շարունակ իրավապաշտպաններին չէր հաջողվում նրա հետ կապ հաստատել։ Մինչ այդ Ֆաթիման հասցրել է փոխանցել, որ ոստիկանները հրաժարվել են իրենից հաղորդում ընդունել ընտանեկան բռնության մասին, քանի որ «հանցագործությունը» կատարվել է Ռուսաստանի տարածքում։ Ապաստարան տրամադրել նույնպես հրաժարվել են, պատճառաբանելով, թե բռնարար եղբայրը Հայաստանում չէ։

«Հայտնվել ենք փակուղում», - ասում է իրավապաշտպան Սվետլանա Անոխինան:

«Մենք փորձում էինք նրան ապաստարան տանել, բայց հայաստանյան օրենքներով պետական կենտրոն տանելու համար անհրաժեշտ է ոստիկանության գրություն, որ նա ընտանեկան բռնության զոհ է և պաշտպանության կարիք ունի։ Հայաստանյան ոստիկանությունը, սակայն, այդ թուղթը նրան չի տվել, պատճառաբանելով, թե Հայաստանում նրան չեն սպառնում։ Տպավորություն է, կարծես սպառնալիքներ հնչեցնող հորեղբորը Հայաստանի ոստիկանությունում ընդհանրապես խնդրահարույց չեն համարում», - ասել է իրավապաշտպանը:

«Ազատության» հետ զրույցում ոստիկանությունից այսօր միայն ասացին, որ այս պատմությունն այլևս իրենց տիրույթում չէ, չհստակեցնելով՝ բա՞ց են թողել աղջկան, ե՞րբ և ինչո՞ւ էին նրան բերել ոստիկանություն ու թողել հորեղբոր հետ մենակ։

Մինչ այդ Ֆաթիման հեռախոսազրույցում պատմել էր, որ ոստիկանական բաժանմունքում իրեն լուրջ չեն վերաբերվել. - «Տպավորությունն էր, որ ծաղրում են։ Կատակներ են անում»:

Հորեղբորից հետո ոստիկանական բաժանմունք է եկել նաև 21-ամյա աղջկա մայրը, սպառնացել, որ եթե տուն չվերադառնա, նրա դեմ գործ կհարուցեն՝ գողության մեղադրանքով։ Ոստիկանությունը, սակայն, աջակցելու փոխարեն միայն դիտորդի կարգավիճակում է եղել, ասում է իրավապաշտպան Մամիկոն Հովսեփյանը։

«Նախ ոստիկանության, իրավապահների աջակցությունն էր պետք, որը չկա, այս պարագայում ասում եմ՝ եթե բռնարարը եղբայրն է եղել, Հայաստանում չի, ուրեմն իրեն վտանգ չի սպառնում, հաշվի չեն առնում, որ ամբողջ ընտանիքը ոստիկանությունում գտնվում, սպառնում է ու իրենք ուղղակի պատրաստ են աղջկան տենց բաց թողնեն: Ցավալին այն է, որ երեկվա դրությամբ, ամեն դեպքում, ՄԻՊ-ի գրասենյակն էլ շատ ուշ արձագանքեց ու շատ կարճ, ՄԻՊ-ը չգնաց ոստիկանություն, այլ ուղղակի մի քանի զանգ ու հետո դադարեցին արձագանքել: Գիտեմ, որ հիմա արդե գնացել են ոստիկանություն: Անտեսվում է այն փաստը, թե իր հետ ինչ կարա կատարվի, մենք տեսնում ենք, բազմաթիվ դեպքեր գիտենք, որ նման դեպքերում երբ առևանգել են անձին ու հետ են տարել, այդ անձն անհետ կորել է: Մեր ոստիկանությունն ուղղակի չի ուզում որևէ քայլ ձեռնարկի ու իրենց դա չի հետաքրքրում», - ասաց հովսեփյանը:

Ֆաթիման նոյեմբերի 8-ին էր ժամանել Հայաստան, 10-ին ընտանիքը հաղորդում է ներկայացրել նրա անհետացման մասին։ Երեկ Հայաստանի ոստիկանությունը հոլովակ էր տարածել, որ որոնում է նրան որպես անհետ կորած։ Հետո նրան գտել են Աշտարակում, բերման ենթարկել, տեսանյութն էլ ջնջել․ պաշտոնական որևէ բացատրություն մինչ այս պահը չի տրվել։

Քիչ առաջ «Ազատությանը» հայտնի դարձավ, որ ընտանեկան բռնությունից Ինգուշեթիայից Հայաստան փախած երիտասարդ կնոջը տեղափոխել են ապաստարան։ Այլ մանրամասներ չունենք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG