Շաբաթ օրը ճիշտ կեսգիշերին Ֆինլանդիայի կառավարությունը կփակի Ռուսաստանի հետ իր արևելյան սահմանի չորս անցակետեր, այսօր մամլո ասուլիսում հայտնել է վարչապետ Պետերի Օրպոն։
«Ֆինլանդիան փակում է սահմանային անցակետերը: Դրանք կփակվեն նոյեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը»,- տեղեկացրել է վարչապետը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «վճռականորեն արձագանքել» այն փաստին, որ վերջին օրերին երրորդ երկրների քաղաքացիները հետզհետե ավելի մեծ խմբերով են Ռուսաստանի կողմից հասնում Ֆինլանդիայի արևելյան սահման:
«Սա կազմակերպված երևույթ է, որը լուրջ վտանգ է ներկայացնում հասարակական կարգի և անվտանգության համար»,- ասել է վարչապետը:
Նրա փոխանցմամբ՝ այս տարվա աշնան ամիսներին սահմանին ապաստան է խնդրել 280 միգրանտ։
Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը հայտնել է, որ Վաալիմաայում, Նույամաայում, Իմատրայում և Նիիրալայում անցակետերը փակ կլինեն մինչև 2024 թվականի փետրվարի 18-ը։
Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Մարկու Հասինենը նշել է, որ Վարտիուս, Սալլա, Կուուսամո և Ռայա-Յոսեպի հյուսիսային սահմանային անցակետերը բաց կմնան: