Վրաստանի կառավարությունը, արտգործնախարարի մակարդակով, ըստ էության հաստատում է Հայաստանի համար նախատեսված ֆրանսիական սպառազինության տարանցումը Փոթիի նավահանգստով։ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իլյա Դարչիաշվիլին այս խնդրին անդրադարձավ երեքշաբթի երեկոյան՝ երկրի հանրային հեռուստատեսության եթերում։
«Վրաստանը երկու երկրներին էլ հավասար պայմաններով է հնարավորություն տվել օգտվել մեր երկրի տարանցիկ կարողություններից։ Հարկ է նաև ընդգծել, որ ցանկացած պետություն պաշտպանության ուժեր ունենալու իրավունք ունի, իսկ երբ խոսքը միջազգային համաձայնագրերով թույլատրված կոնվենցիոնալ սպառազինությանը կամ սարքավորումների մասին է, ապա այդ պետությունները նաև այդ ամենը ստանալու իրավունք ունեն։ Վրաստանի մոտեցումը հստակ է՝ երկու հարևան պետություններին էլ հնարավորություն տալ օգտվել մեր երկրի տարանցիկ ուղիներից։ Սա է մեր պատասխանը հնչեցվող այս հարցին, և մենք հույս ունենք, որ այսքանով տարատեսակ ակնարկներին ու զրպարտություններին վերջ կտրվի», - հայտարարում էր Դարչիաշվիլին։
Վրաստանի տարածքով ֆրանսիական արտադրության Bastion բազմաֆունկցիոնալ զրահամեքենաների Հայաստան առաքման մասին տեղեկությունները սկսեցին շրջանառվել երկու օր առաջ։ Ադրբեջանական ռազմական գերատեսչությանը մոտ կանգնած Caliber.az կայքը երկուշաբթի օրը մի շարք լուսանկարներ հրապարակեց, որոնցում պատկերված էին ենթադրաբար Փոթիի նավահանգստում կայանված մոտ երկու տասնյակ ֆրանսիական զրահամեքենաները։ Փոթիի նավահանգստի օպերատոր ընկերությունը Հայաստանի համար նախատեսված ֆրանսիական «հատուկ բեռի» ընդունումը հաստատեց շաբաթասկզբին՝ ընդգծելով,որ դրանում պատժամիջոցների տակ գտնվող ոչինչ չի եղել, իսկ Վրաստանի կառավարությունն տարանցման դեմ որևէ առարկություն չի ներկայացրել։ Ադրբեջանի ԱԳՆ, սպասվածի պես, խստորեն դատապարտեց ֆրանսիական կառավարության գործողությունները՝ կոչ անելով պաշտոնական Փարիզին՝ «զերծ մնալ իր ագրեսիվ քայլերով հայտնի Հայաստանին զինելու քաղաքականությունից»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փոթիի նավահանգստում հաստատում են, որ Ֆրանսիայից Հայաստանի համար «հատուկ բեռ» է ժամանելԲաքուն դատապարտում է «Փարիզի կողմից ՀՀ ռազմատեխնիկայի ուղարկումը», Երևանը, մինչդեռ, նման տեղեկություն չի տրամադրելՈւշագրավ է սակայն, որ պաշտոնական Բաքուն Վրաստանի իշխանությունների հասցեին գերադասեց կտրուկ հայտարարություններ չհնչեցնել՝ Թբիլիսիի գործողությունների քննադատությունը թողնելով իշխանամետ բլոգերներին և կայքերին։ Չի բացառվում, որ նման զսպվածության պատճառը Վրաստանի հնարավոր միջնորդական ջանքերի հետ կապված Բաքվում առկա հույսերն են։ Այն, որ Թբիլիսին պատրաստ է շարունակել նման ջանքեր գործադրել՝ երեկ հայտարարում էր նաև Վրաստանի ԱԳ նախարարը։
«Վրաստանը բավական հաջողությամբ է կարողացել ստանձնել անկողմնակալ միջնորդի դերը։ Մեր երկու բարեկամ, եղբայր ժողովուրդների հետ մենք նույն հիմնական նպատակն ենք հետապնդում՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը։ Տարիներ շարունակ Վրաստանը փորձում էր ստանձնել այս բնական դերակատարությունը, սակայն պետք է ըմբռնել, որ [հայ-ադրբեջանական] հակամարտությունը բավական բարդ և համալիր խնդիր է։ Պետք է նաև ընդգծել, որ Վրաստանի վարչապետի՝ երկու երկրների ղեկավարների հետ ձևավորված անձնական հարաբերությունների շնորհիվ է, որ մենք արդեն իսկ կարողացել ենք որոշակի կոնկրետ արդյունքների հասնել։
Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը անթաքույց կերպով խոսում են խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին և կենտրոնացել են հենց խաղաղության հաստատման վրա», - պնդում էր Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես անաչառ և չեզոք միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև. Ղարիբաշվիլի