Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու մերժմանը։ Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ բելառուսական լրատվական գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։
«Նախագահը հասկանում է, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է։ Հրավերն ուղղված է Հայաստանի վարչապետին, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարներին», - նշել է Էյսմոնտը։
Ըստ Բելառուսի նախագահի խոսնակի, Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է չշտապել, չընդունել հապճեպ որոշումներ, այլ լրջորեն մտածել հաջորդ քայլերի շուրջ, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը:
Մինսկ չմեկնելու որոշման մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Հեռախոսազրույցը, Կառավարության հաղորդմամբ, տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ:
Կրեմլից Հայաստանի վարչապետի որոշումն ափսոսանքով են ընդունել՝ պնդելով, թե ՀԱՊԿ ձևաչափը մնում է արդիական: Վլադիմիր Պուտինի խոսնակը շեշտել է, թե նման հանդիպումները շատ լավ առիթ են կարծիքներ փոխանակելու, դիրքորոշումները ճշգրտելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյանը չի մասնակցի Մինսկում ՀԱՊԿ-ի նոյեմբերի 23-ի նիստինԿրեմլը «ցավում է, որ ՀՀ վարչապետը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին»Պաշտոնական Երևանը բազմիցս է հայտարարել դաշինքից իր դժգոհությունների մասին․ Հայաստանը ՀԱՊԿ-ից պահանջել էր դատապարտել 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այս պահանջը ՀԱՊԿ-ն այդպես էլ չկատարեց։ Տարեսկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի Հայաստանում չեն կայանա՝ պարզաբանելով, թե ՀԱՊԿ-ից դեռ կոնկրետ գնահատականների են սպասում՝ հասկանալու, թե որն է դաշինքի պատասխանատվության գոտին։ Հայաստանը հրաժարվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, ետ է կանչել ռազմական դաշինքից իր դեսպանին ու մինչ օրս նորին չի նշանակել։