Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Այդ մասին Փաշինյանն այսօր ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում:
Ըստ հայկական կողմի՝ հեռախոսազրույցի նախաձեռնողը բելառուսական կողմն է եղել։
Փաշինյանը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: Չմեկնելու պատճառների մասին հաղորդագրությունում ոչինչ չի նշվում։
Պաշտոնական Երևանը բազմիցս է հայտարարել դաշինքից իր դժգոհությունների մասին․ Հայաստանը ՀԱՊԿ-ից պահանջել էր դատապարտել 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այս պահանջը ՀԱՊԿ-ն այդպես էլ չկատարեց։ Տարեսկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի Հայաստանում չեն կայանա՝ պարզաբանելով, թե ՀԱՊԿ-ից դեռ կոնկրետ գնահատականների են սպասում՝ հասկանալու, թե որն է դաշինքի պատասխանատվության գոտին։ Հայաստանը հրաժարվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, ետ է կանչել ռազմական դաշինքից իր դեսպանին ու մինչ օրս նորին չի նշանակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԿ-ները, քաղաքական ուժերը կոչ են անում ՀՀ-ին դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, դիմել ԵՄ-ին անդամակցության համար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալը Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումն է. Լավրով
Տե՛ս նաև այստեղ