BP նպաստել է ղարաբաղյան հայերի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային․ The Guardian

Ստեփանակերտ, 19-ը սեպտեմբերի, 2023թ․

Իրավապաշտպանները պնդում են, թե British Petroleum-ը (BP), որը ամենամեծ բաժնեմասն ունի Ադրբեջանի նավթի ու գազի արտահանման ծրագրերում, նպաստել է ղարաբաղյան հայերի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, հաղորդում է Լոնդոնում լույս տեսնող The Guardian-ը` վկայակոչելով Global Witness կազմակերպության հետազոտությունը։

Ամերիկյան հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ բրիտանական նավթային ընկերության խոշոր նավթագազային նախագծերի օգնությամբ Բաքուն միլիարդավոր դոլարներ է ստացել։ Նավթից ու գազից ստացած այդ եկամուտների շնորհիվ, ըստ հետազոտողների, Ադրբեջանը 2020-ից՝ «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում պատերազմի բռնկումից ի վեր» չորս անգամ ավելացրել է ռազմական ծախսերը։

«Վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ լինելով Ադրբեջանի ամենամեծ ներդրողը՝ British Petroleum-ը «անուղղակիորեն օգնել է Ադրբեջանին ֆինանսավորել սեպտեմբերին վիճելի տարածաշրջանում էթնիկ հայերի դեմ ռազմական ագրեսիան, որի հետևանքով ավելի քան 100 հազար մարդ լքել է տարածքը»,-գրում է The Guardian-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել շուրջ 100 հազար 632 անձ․ ՀՀ կառավարություն

Նույն ամսում՝ անցած սեպտեմբերին, BP-ի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ ընկերության նախագահն ու նախկին գործադիր տնօրենն այցելել էին Բաքու՝ մասնակցելու նախկին նախագահ Հեյդար Ալիևի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։

Ընդգծելով, որ BP-ի երկար տարիների համագործակցություն ունի ալիևների «բռնապետության» հետ՝ Global Witness-ի ավագ ակտիվիստ Դոմինիկ Իգլթոնն ասել է՝ «բրիտանական ընկերությունը երջանիկ էր շարունակել արդյունահանումը Ադրբեջանում՝ այդպես էլ որևէ դաս չքաղելով Ռուսաստանի հետ նախադեպից»։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից հետո BP-ը՝ արևմտյան տասնյակ այլ ընկերությունների հետ, հեռացավ այդ երկրից՝ թողնելով «Ռոսնեֆտի» բաժնետոմսերի մոտ քսան տոկոսը։

«Դաժան բռնապետերին ֆինանսավորելը միշտ էլ վատ է ավարտվում», - ընդգծել է իրավապաշտպանը։

BP-ն հերքում է մեղադրանքները։ Ընկերության խոսնակը ասել է, թե «BP -ն արդեն երեք տասնամյակ է աշխատում է Ադրբեջանում և շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում անվտանգ, վստահելի գործունեություն ծավալելու հանձնառությանը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ