Իրավապահները հետաքննում են Ռուսաստանի հնարավոր կապը Ֆրանսիայի շենքերի պատերին կապույտ ներկով նկարված ավելի քան 200 հրեական աստղերի հետ, փոխանցում է The Wall Street Journal-ը:
Կապույտ աստղերի առեղծվածային հայտնվելը առաջին հայացքից պատահական շինությունների վրա անցյալ շաբաթ մտահոգության նոր ալիք է առաջացրել Ֆրանսիայում, որտեղ Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակումից հետո կտրուկ աճել է լարվածությունը: Ֆրանսիան ամենամեծ մահմեդական և հրեական բնակչությունն ունի Եվրոպայում:
Ֆրանսիացի իրավապահները հետաքննում են, թե արդյոք գրաֆիտիի հետևում արտերկրում բնակվող անձ է կանգնած: Ոստիկանությունը ձերբակալել է Մոլդովայում ծնված տղամարդու և կնոջ, որոնց հոկտեմբերի վերջին Փարիզում տեսել են Դավթի կապույտ աստղը նկարելիս: Դատախազները հայտնել են, որ ամուսնական զույգի հեռախոսում գտել են խոսակցություն, ակներևաբար՝ ռուսերեն, որտեղ նրանց հանձնարարվել է աստղ նկարել վճարի դիմաց:
Քննիչները հայտնաբերել են երկու այլ անձանց, որոնց տեսել էին անցյալ շաբաթ Փարիզում և արվարձաններում նմանատիպ աստղեր նկարելիս և ովքեր շփվում էին արտերկրում գտնվող նույն անձի հետ: Երկրորդ զույգին, որը հաջորդ օրը լքել է երկիրը, ուղեկցել է երրորդ անձը, ով լուսանկարել է։
Փարիզի պատահական շենքերի վրա կապույտ աստղերի հանկարծակի հայտնվելը ֆրանսիացի պաշտոնյաների մոտ անհանգստություն է առաջացրել Ֆրանսիայում աճող հակասեմիտիզմի վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, բոտերի ցանցը, որը, ինչպես ենթադրվում է, վերահսկվում է «Վագներ»-ի կողմից, սոցցանցերում գովազդել է աստղերի պատկերները, ասել է ֆրանսիացի պաշտոնյան: Առաջին օգտահաշիվը, որը տեղադրել է պատկերները X-ում, կարող էր լինել Ռուսաստանում, ավելացրել է պաշտոնյան՝ նշելով, որ ակտիվությունը հատկապես ինտենսիվ էր X-ում, որտեղ նկարների հազարավոր
վերահրապարակումները գրեթե անմիջապես հաջորդել են դրանց առաջին հայտնվելուն:
Փարիզում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից:
Ֆրանսիայի հրեաները երկար ժամանակ եղել են հարձակումների թիրախ՝ սկսած 1980 թվականին սինագոգի ռմբահարումից, ենթադրաբար՝ պաղեստինամետ գրոհայինների կողմից, մինչև 2012 թվականին Թուլուզի մերձակայքում գտնվող հրեական դպրոցում երեք երեխաների և ռաբբիի սպանությունը: 2015 թվականին իսլամիստ զինյալը Փարիզի արևելքում գտնվող սուպերմարկետում մարդկանց էր պատանդառել և սպանել նրանցից չորսին։
Ֆրանսիացի պաշտոնյաները մտահոգված են, որ Իսրայելի և «Համաս»-ի միջև ճգնաժամը կարող է տարածվել դեպի Ֆրանսիա:
Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենի խոսքով՝ իշխանությունները վերջին ամսվա ընթացքում գրանցել են 1100 հակահրեական գործողություն և ձերբակալել 502 մարդու։
Շաբաթ օրը Լիոնում հրեա կնոջն իր տանը դանակահարել է որպես առաքիչ ներկայացած անձը: Արտակարգ ծառայությունները կնոջ տան դռան վրա նկարված սվաստիկա են հայտնաբերել, փոխանցել է փաստաբանը։
Ի պատասխան այս միջադեպերի՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն և Սենատի նախագահ Ժերար Լարշեն կոչ են արել կիրակի օրը Փարիզում հակահրեականության դեմ երթ կազմակերպել: