Բաբայանի կուսակցությունն առաջարկում է ստեղծել հատուկ ծրագրերի կոմիտե և օժտել Բաքվի հետ բանակցելու իրավազորությամբ

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունն առաջարկում է Լեռնային Ղարաբաղը լուծարելու վերաբերյալ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրի սահմանադրականության հարցով ԱԺ անունից դիմել ԼՂ Գերագույն դատարան։

Կուսակցությունը տեղեկացնում է՝ բռնատեղահանվելուց և Հայաստանում ապաստանելուց երկու շաբաթ անց Արցախի ապօրինի լուծարման հետևանքների հաղթահարման շուրջ օրակարգ են փոխանցել Արցախի խորհրդարան։

Ըստ այդմ՝ առաջարկվում է խորհրդակցություն հրավիրել Ազգային ժողովի պատգամավորների և հասարակական-քաղաքական առաջնորդների մասնակցությամբ, ձևավորել արցախցիների հիմնախնդիրներով զբաղվող հատուկ ծրագրերի կոմիտե և կոմիտեին օժտել միջազգային հանրության և Ադրբեջանի հետ բանակցելու իրավազորությամբ։

Կուսակցությունը միևնույն ժամանակ հայտարարում է, որ խորհրդարանականները չեն համաձայնել մասնակցել վերոնշյալ օրակարգով խորհրդակցությանը։ Պատճառների մասին «Միասնական հայրենիք»-ի հայտարարությունում չի նշվում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ». Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սամվել Բաբայանը Արցախը լուծարելու հրամանագիրը չեղարկելու և կառավարման նոր մարմին ստեղծելու հնարավորություն է տեսնում