Երևանում ձեռք բերված հայ-իրանական համաձայնությունները տնտեսագետներն ու գործարարները դրական են գնահատում

Բեռնատարներ հայ-իրանական սահմանային անցակետում, արխիվ

Առևտրաշրջանառության աճի ու նոր շուկաներ դուրս գալու հնարավորություն. Երևանում ձեռք բերված հայ - իրանական պայմանավորվածությունները տնտեսագետներն ու գործարարները դրական են գնահատում ու ընդգծում՝ եթե ամեն ինչ կյանքի կոչվի, քաղաքացիներն իրենց գրպանի վրա օգուտները կզգան։

«Իրանից ներկրվող ապրանքների գները կարող են զսպել», - «Ազատության» հետ զրույցում նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Հայաստանի տարածքային կառավարման նախարարն ու նրա իրանցի գործընկերը շաբաթներ առաջ հայտարարեցին ճանապարհային հարկերը երկուստեք զրոյացնելու պայմանավորվածության մասին։ Երևանն ու Թեհրանը կհրաժարվեն բեռնատարներից գանձվող հարկային մուտքերից՝ տնտեսական կապերն ամրապնդելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը և Իրանը երկուստեք կզրոյացնեն բեռնատարներից գանձվող ճանապարհավճարները


Իրանական բեռնատարները Հայաստանի սահմանը հատելիս բնապահպանական ու պետական տուրքերից զատ նաև ճանապարհային հարկ են վճարում՝ միջինը մոտ 250 դոլար: Իրան մտնող հայկական բեռնատարներից էլ 120 դոլար է գանձվում։ Կողմերը հենց այս հարկն են զրոյացնելու, բայց թե երբ բեռնափոխադրողները կազատվեն այս վճարներից, պաշտոնյաները չեն հստակեցնում։ Երկու կողմում էլ օրենսդրական փոփոխությունների կարիք կա։

Փորձագետները կարծում են, որ այս հարկի զրոյացումը կնվազեցնի ներկրվող ապրանքների ինքնարժեքը, այսինքն՝ դրանք սպառողներին ավելի ցածր գներով կհասնեն։

«Տրանսպորտային տուրքի հանումը թույլ կտա երկու երկրների բեռնափոխադրող ընկերություններին նվազեցնել բեռնափոխադրման համար պահանջվող գումարները: Վերջին տարիների ընթացքում աճել է այդ ծառայությունների համար գումարը», - ասաց Պարսյանը:

2022 թվականին Իրանից Հայաստան մտնող բեռնատարներից 3.7 միլիարդ դրամ՝ ավելի քան 9 միլիոն դոլար է գանձվել, «Ազատությանը» հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից։ Սա ավելի շատ է, քան, օրինակ, ՎՏԲ բանկի նախորդ տարի վճարած բոլոր հարկերը միասին։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ 3.7 միլիարդը քիչ գումար չէ, կառավարությունը սա զիջում է՝ ավելի մեծ օգուտների ակնկալիքով. - «Սահմանի բաց լինելը, ինչպես նաև տրանսպորտային ծախսերի նվազումը թույլ կտա ասիական երկրների հետ նաև առևտրաշրջանառությունը ավելացնել, նաև նոր շուկաներ գտնել, միանշանակ է»:

Արման Հովսեփյանի ղեկավարած խոշոր բեռնափոխադրող ընկերությունը Իրանից հիմնականում երկաթ ու շինանյութ է Հայաստան բերում։ Նա ևս կարծում է, որ սա լավ նորություն է ինչպես հայ, այնպես էլ իրանցի գործարարների համար. - «Երբ ավել գումարը չի վճարվելու, տնտեսության վրա էլ կերևա, որովհետև բեռնափոխադրումը կարող է ինչ-որ չափով արդեն էժանանալ»:

Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի հարևան երկրից 600 միլիոն դոլարի ապրանք է ներմուծվել՝ հիմնականում վառելիք, շինանյութեր, միրգ ու բանջարեղեն։ Հայաստանից արտահանումն էլ 111 միլիոն դոլար է կազմել՝ Իրանին վաճառվել են հիմնականում մսամթերք, մետաղական թափոններ, փայտանյութ, մեխանիկական սարքեր։

Երկու երկրները նաև պայմանավորվել են Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցել։ Բեռնատարներն այժմ անցնում են նախորդ դարի վերջին կառուցված կամրջով։ Պաշտոնյաների խոսքով՝ այն արդեն հին է և փոքր թվով մեքենաներ է կարողանում սպասարկել։ Ժամկետներ, սակայն, այդ դեպքում ևս չեն նշվում։

Այս համաձայնությունների մասին կողմերը հայտարարեցին անցած ամիս՝ «Հյուսիս-Հարավ»-ի հայ-իրանական սահմանից սկսվող 32-կիլոմետրանոց հատվածի շինարարության մեկնարկն ազդարարող միջոցառման ժամանակ։ Ագարակ- Քաջարան ռազմավարական նշանակության ճանապարհն իրանական ընկերություններն են կառուցելու՝ առաջիկա երեք տարիների ընթացքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստորագրվեց Ագարակ - Քաջարան ճանապարհի շինարարության պայմանագիրը. շինարարն իրանական ընկերություն է

Մասնագետներն ընդգծում են՝ առևտրի աճի համար հարկային արտոնություններից զատ առաջին հերթին ճանապարհների հարցը պետք է լուծվի։

«Մինչև Մեղրի ճանապարհը անմխիթար վիճակում է, ու շատ ահավոր ճանապարհներ են՝ «Թասի ոլորաններ» կոչվածը, Տաթևը, Ագարակի սարերը որ բարձրանում-իջնում է», - ընդգծեց Արման Հովսեփյանը:

Գործադիրն այժմ «Հյուսիս-Հարավ»-ի ամենաբարդ՝ Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության մեկնարկն է անոնսում։ Ըստ վարչապետ Փաշինյանի՝ առաջիկայում կհայտարարվի ընկերության անունը, որը կկառուցի այդ հատվածը, բայց, ինչպես ընդգծեց, պայմանավորվածությունն առայժմ նախնական է։