Հայաստանի կառավարությունն այսօր պայմանագիր կնքեց իրանական երկու ընկերությունների հետ` Հայաստանն Իրանին կապող Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության համար: Փաստաթղթի ստորագրման արարողությանը մասնակցում էին Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանն ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրբաշը:
«Փաստացի Երևանից մինչև Իրանի սահման սա առաջին հատվածն է, որը շուտով շինարարության փուլ կմտնի, ինչի առթիվ շատ ուրախ ենք, և շատ ուրախ ենք, որ համագործակցությունը իրանական գործընկերների հետ հաջողվեց և իրանական ընկերությունները կիրականացնեն այդ հատվածի շինարարությունը», - նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Ռազմավարական նշանակության 32 կմ այս ճանապարհը կկառուցվի երեք տարում, կարժենա 215 միլիոն դոլար: Մի մասը կտրամադրվի բյուջեից, մյուսը` Եվրասիական զարգացման բանկից` վարկի տեսքով. - «Փաստացի հիմնականում նոր ճանապարհի կառուցման մասին է խոսքը, որտեղ կան 17 կամուրջներ, տարբեր թունելներ, հարակից բնակավայրերից մուտքի ու ելքի համար էստակադային ու ճանապարհային լուծումներ»:
Իրանցի նախարարն իր հերթին ընդգծեց, որ Հայաստանը շատ կարևոր է Իրանի համար, և այս ճանապարհն էլ առանցքային նշանակություն ունի «Հյուսիս֊հարավ» մայրուղու գործարկման համար:
2009-ին սկսված «Հյուսիս֊հարավ» ներդրումային ծրագիրը դեռ 4 տարի առաջ պետք է ավարտված լիներ: մինչ օրս, սակայն, 556 կիլոմետրանոց նախագծի միայն 50 կիլոմետրն է ամբողջությամբ պատրաստ, քննիչներն էլ մնացյալի վերաբերյալ տասնյակ քրեական գործեր են բացել: Ծրագրի մեկնարկից 14 տարի անց էլ իշխանությունները հստակ չեն ասում` երբ պատրաստ կլինի Վրաստանի սահմանից մինչ Իրան ձգվելիք արագընթաց մայրուղին:
«Կան տարբեր գործընթացներ, մեկը քննարկման փուլում է, մեկը՝ նախագծման, մյուսը՝ մրցութային, այսինքն տարբեր քննարկումներ կան և կարծում եմ՝ շատ կարևոր էր այս հատվածի սկիզբը, ու մյուսները հերթով քիչ-քիչ կյանքի կկոչենք», - ասաց նախարարը:
Հանդիսավոր արարողությանը Իրանի նախարարը կրկին ընդգծեց` Բաքվի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքին» իրենք դեմ են. - «Մենք բազմիցս նշել ենք, որ համաձայն չենք «Զանգեզուրի միջանցքին» և Ադրբեջանի պաշտոնյաներ հետ հանդիպման ընթացքում նշել ենք դա: Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը և կշարունակենք աջակցել»: