Բողոքի ակցիա՝ սոցապ նախարարության շենքի առջև

Բազմաթիվ արցախցիներ կեսօրից սոցապ նախարարության դիմաց ցույց են իրականացնում. պահանջները նույնն են՝ կենսաթոշակների, նպաստների վճարում, բնակարանային ապահովություն։

Ցույցի մասնակիցներն ասում են, որ 44-օրյա պատերազմից հետո իրենց հարցերը մեծ հաշվով անպատասխան են մնում։

Արցախցիների մի խումբ այժմ հանդիպում է նախարարության ներկայացուցիչների հետ, ավելի ուշ հանդիպումից մանրամասներ կհաղորդեն։

Կառավարության որոշմամբ՝ Արցախի բնակիչները կարող են թոշակ ստանալ Հայաստանի քաղաքացի դառնալուց հետո։

Թե՛ այս սեպտեմբերին տեղահանված ու թե՛ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում հաստատված արցախցիները նպաստ - թոշակ չեն ստացել սեպտեմբերից և այդ մասին ահազանգում էին պարբերաբար: Օրերս սոցապ փոխնախարար Դավիթ Խաչատրյանն ասաց, որ փախստականի կարգավիճակ ստացած արցախցիներն իրենց կենսաթոշակ - նպաստները կստանան հավանաբար դեկտեմբերի սկզբին։

Կառավարությունն ամեն անձին 50 հազար դրամ հատկացնելու մասին հայտարարեց, որպես այս չտրվող գումարների փոխհատուցում։ Հետո արդեն հոկտեմբերի 26-ի կառավարության նիստն էր, որտեղ արցախցիներին ժամանակավոր պաշտպանության, փախստականի կարգավիճակ տրվեց։ Պաշտոնական Երևանի մոտեցումն այն է, որ կենսաթոշակ ստանալու համար արցախցիները պիտի Հայաստանի քաղաքացիություն ստանան: