«Ռուս խաղաղապահներն, այո՛, մեզ չպաշտպանեցին, իրանց ստանձնած պարտավորությունները չկատարեցին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ դա ողբերգություն որակելով։
Բեգլարյանը մեղադրեց նաև Հայաստանի իշխանություններին՝ նշելով, թե ողբերգություն էր նաև «Հայաստանի իշխանությունների կողմից պատասխանատվությունից ամբողջապես հրաժարվելը, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը»։
«Քանի դեռ Արցախի ժողովրդի կողմից այդ համաձայնություն չէր տվել, ՀՀ իշխանությունները որպես Արցախի հարցով գլխավոր բանակցող միջազգային հարաբերություններում գլխավոր սուբյեկ, իմ կարծիքով, այդ իրավունքը չունեին»,- ասաց Բեգլարյանը՝ շեշտելով՝ Երևանն Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչելու ուղղությամբ Ստեփանակերտի կոչերին, հորդորներին, պահանջներին որևէ ձևով ընդառաջ չի գնացել։
Բրյուսելում այս տարվա մայիսին չորս ժամ տևած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Ընդ որում՝ Շառլ Միշելը ընդգծեց երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։ Այս 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը. դրա մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը«Ակնհայտ էր, որ վերջնարդյունքը նմանատիպ մի բան կարող էր լինել։ Իհարկե, միգուցե չէին սպասում նմանատիպ վերջնարդյունք՝ լայնածավալ պատերազմ, ամբողջական հայաթափում և այլն, բայց դա քիչ թե շատ կանխատեսելի էր, որ դրանից հետո միջազգային հանրությունը՝ և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը, մի մասն օբյեկտիվորեն, մի մասը սուբյեկտիվորեն պատասխանատվությունից խուսափելով արդեն ասելու են՝ «ուրեմն, դա Ադրբեջանի ներքին հարցն էր, բռնապետ Ալիևն էլ իր ուզած ձևով էդ հարցը լուծելու էր»։ Իհարկե դա չի նշանակում, որ ռուս խաղաղապահներն այստեղ իրենց պարտավորությունները չպետք է կատարեին, անկախ ՀՀ իշխանությունների դիրքորոշումից», - ասաց Բեգլարյանը մեղադրելով նաև միջազգային հանրությանը։
«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ձախողեց իր համընդհանուր պաշտպանելու պատասխանատվությունը և ԱՄՆ-ի ղեկավարությունն իրենց բոլոր հայտարարություններն ու խոստումները ձախողեցին», - ասաց Արցախի նախկին պետնախարարը։
Սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ըստ պաշտոնական Երևանի, Լեռնային Ղարաբաղում զոհվել է 200-ից ավելի զինծառայող և քաղաքացիական անձ, ԼՂ-ի գրեթե ողջ բնակչությունը՝ 100 հազարից ավելի անձ՝ բացառապես ֆիզիկապես փրկվելու անհրաժեշտությունից դրդված լքել է Արցախը։
Բեգլարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․