Թե՛ Եվրամիության, թե՛ այլ գործընկերների կողմից շարունակվում են ջանքերը հայ-ադրբեջանական գործընթացը բանակցային փուլ վերադարձնելու համար, Ազգային ժողովում, 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ ընդունելով, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է արևմտյան միջնորդությամբ Հայաստանի հետ բանակցությունները շարունակելուց։
Փոխնախարարը այս համատեքստում կարևորեց Գերմանիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ այն որակելով պատմական։
Անալենա Բերբոքն այսօր է աշխատանքային այցով ժամանում Հայաստան, նա կլինի նաև Ադրբեջանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բերբոքի այցին ընդառաջ Բեռլինը Երևանին ու Բաքվին կոչ է անում վերսկսել ԵՄ միջնորդությամբ բանակցություններըԱնդրադառնալով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը՝ Հովհաննիսյանը նախ շեշտեց, որ արձանագրել են առաջընթաց Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի ամրագրման հարցում, ապա տեղեկացրեց, որ շուտով պետք է ստորագրվի պայմանագիր՝ Եվրամիության դիտորդների իմունիտետի և արտոնությունների վերաբերյալ։
«ԵՄ դիտորդական առաքելության ուժեղացումը և ընդլայնումը Երևանի օրակարգում է», - ասաց փոխարտգործնախարարը։
«Ազատության» հարցին, թե ի՞նչ է նշանակում դիտորդների մանդատի ուժեղացում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ բանակցություններ են ընթանում ԵՄ դիտորդական առաքելության քանակի և որոշ գործառույթների ավելացման ուղղությամբ՝ առանց փակագծեր բացելու։
Փոխարտգործնախարարը միայն ընդգծեց, որ առաջնային հարցն այժմ ԵՄ առաքելության թվի ընդլայնումն է։
Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն տվեց Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:
Հոկտեմբերին Բրյուսելից «Ազատության» աղբյուրները հաղորդեցին, որ Եվրամիությունը մտադիր է ընդարձակել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Այս պահին բավական խաղաղ շրջան է». ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում նոր գրասենյակ բացեց