Մեկ տարի տևած քննությունից հետո Գլխավոր դատախազությունը դադարեցրել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ և նրանց ընտանիքին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Ղազարյանը, նրա կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը և «Յանս»-ի տնօրեն Սերգեյ Կարապետյանը մեղադրվում էին բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթման համար։ Նրանց նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել երկրից բացակայելու արգելքը: Երեքն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չէին ընդունում:
Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանն ընդգծում է. - «Էդտեղ հանցակազմի որևէ հատկանիշ չէր կարող լինել: Ինչևէ, հենց քրեական գործի հարուցումը ինքնին սխալ էր, բայց հարուցելուց հետո էլ քննություն իրականացվեց, և էն հետևությամբ, որ իրականում էդտեղ հանցակազմ չկա»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քրեական հետապնդում է հարուցվել Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետի, վերջինիս կնոջ և «Յանս»-ի տնօրենի նկատմամբԱյս քրեական գործը հարուցվել էր 2018 թվականին ռեստորանային համալիրի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի հաղորդման հիման վրա: Մոտ չորս տարվա քննությունից հետո, սակայն, իրավապահները որոշել էին կարճել այն: Նախկին հաշվապահը, այդուհանդերձ, բողոքարկել էր, ինչի արդյունքում անցած նոյեմբերին նոր քննություն սկսվեց։ Հենց այդ ժամանակ էլ Վաչագան Ղազարյանին, Ռուզաննա Բեգլարյանին և Սերգեյ Կարապետյանին մեղադրանք ներկայացվեց։
Ավելի քան 5 տարի «Յանս»-ում աշխատած Սուսաննա Արիստակեսյանն այսօր Գլխավոր դատախազությունում հանդիպել է հսկող դատախազ Ծովակ Մնացականյանի հետ, որն, ըստ տուժողի, փորձել է ներկայացնել գործը կարճելու հիմնավորումները:
«Իրանք մտածում են, որ Վաչագան Ղազարյանը՝ գեներալ Ղազարյանը շատ պրիլիչնի, գող չի, թալանչի չի, շորթում էլ չեն տեսնում էդ գործի մեջ: Ըստ իրանց ներկայացրածի և ըստ իրանց գրածի՝ շորթում չեն տեսնում, մի խոսքով, ճիշտ ա՝ Վաչոն փողը վերցրել ա, բայց իրանք շորթումը չեն տեսնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արիստակեսյանը:
Դեռ 2017 թվականին «Յանս»-ի տնօրեն Սերգեյ Կարապետյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ պնդելով, թե հաշվապահ Սուսաննա Արիստակեսյան 25 միլիոն դրամի վնաս է պատճառել ռեստորանային համալիրին։ Հաշվապահին մեղադրանք էր առաջադրվել, նա մեկ ամսով կալանավորվել էր, հետո՝ արդարացվել։ Սուսաննա Արիստակեսյանի պնդմամբ՝ այդ օրերին Վաչագան Ղազարյանի կինը իր ընտանիքից սպառնալիքներով պահանջել և ստացել է 40 միլիոն դրամ:
«Ասեմ, որ ամենաքիչ փողը Վաչագան Ղազարյանն ա ուզել՝ մի 20 միլիոն: 25 միլիոն ուզել ա տնօրենը, իսկ կինը պնդում էր 40 միլիոն, եթե մի տեղ էլ խոսեմ, ավելի մեծ վտանգների առաջ կկանգնեմ, կդառնամ բոմժ [անտուն. - խմբ.], կընկնեմ Ռուսաստանի քուչեքը: Ինձ պնդում էր, որ «կա՛մ պտի տաս փող, կա՛մ ինքնասպան պտի լինես, կա՛մ պտի դատվես, կա՛մ ամուսինս ավելի լավ բան ա առաջարկել՝ և՛ պետք ա դատվի, և՛ պետք ա փողը տա: Սպառնալիքը հնչեցրել ա Ռուզաննան՝ օգտագործելով իրա ամուսնու պաշտոնը», - պատմեց «Յանս»-ի նախկին հաշվապահը:
2018 թվականի հեղափոխությունից հետո արդեն Սուսաննա Արիստակեսյանն է դիմել իրավապահներին, սակայն 5 տարվա քննությունից հետո հուսահատված պնդում է՝ գործի ընթացքը փոխվեց հատկապես վերջին երկու ամսում, երբ հերթական դատախազը նշանակվեց։ «Յանս»-ի նախկին հաշվապահը կասկածներ ունի, թե իրավապահները և Վաչագան Ղազարյանը գործարքի են գնացել:
«Մինչև օգոստոսի 15-ը շորթում տեսել են, օգոստոսի 15-ից շորթում չեն տեսել: Ես իմ կարծիքը կարող եմ ասել՝ երբ որ Վաչագան Ղազարյանը սեղանին դրեց գողացած 4 հողակտորը՝ Իսակովի վրայի Եռաբլուրին պատկանող հողերը, ինքը երևի բարտեր արեց դատախազական խորհրդի հետ, որ «ես կտամ 4 հողակտորը՝ դուք կփակեք իմ, իմ կնոջ և Սերգեյ Կարապետյանի վրայի մեղադրանքը», - պնդեց Արիստակեսյանը:
Երրորդ նախագահի անվտանգության նախկին պետը Իսակովի պողոտայի 4 միավոր հողատարածքները պետությանը վերադարձրել է օգոստոսին՝ հաշտության գնալով իրեն ապօրինի հարստացման մեջ մեղադրող պետության հետ։ Եվ մինչ Սուսաննա Արիստակեսյանը պնդում է, թե հենց այս գործարքի շրջանակում էլ իրավապահները որոշել են կարճել իրեն առնչվող քրեական գործը, Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը հակադարձում է՝ այդ պնդումները ոչ մի հիմք չունեն:
«Հողերը վերադարձվել ա Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը: Հիմա, եթե խոսքը վերաբերվում ա էդ վերադարձվելուն, այո, վերադարձվել է, եթե խոսքը վերաբերվում ա նրան, որ վերադարձվելու դիմաց ինչ-որ խոստումներ, կամ, չգիտեմ, ինչ-որ գործարքների են գնացել, ես նման գործարքների մասնակից չեմ եղել և չեմ էլ կարծում, որ նման գործարքներ կարող էին տեղի ունենալ», - հայտարարեց Հարությունյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաչագան Ղազարյանը «Եռաբլուր»-ի 4 միավոր հողատարածքները կվերադարձնի ՀՀ-ին․ մասնակի հաշտության համաձայնությունը դատարանում էՍուսաննա Արիստակեսյանը դեռ չգիտի՝ գործը փակելու Դատախազության որոշումը կբողոքարկի, թե ոչ, նախ ցանկանում է հանդիպել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։