Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, «Ազատության» հետ զրույցում ասաց նրա փաստաբան Մհեր Հակոբյանը։
Հատուկ քննչական ծառայությունը երեկ հայտնեց, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, պետական միջոցները սեփական ընտանիքի շահերին ծառայեցնելու և այդ ուղղությամբ սեփական միջոցներից լրացուցիչ ծախս չկատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ` ԱԱԾ պետական պահպանության ծառայության վարորդին առաջարկել է պետական միջոցներից վարձատրություն ստանալով հանդերձ աշխատել որպես իր կնոջ և տան վարորդ:
Ըստ ՀՔԾ-ի, վարորդը՝ 2015-2018 թվականների ընթացքում վարորդի ծառայություններ է մատուցել Ղազարյանի կնոջը, ինչով պայմանավորված այս ժամանակահատվածում ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսությունում առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական որևէ պարտականություն չի կատարել:
Փաստաբանն «Ազատությանը» փոխանցեց, որ իր պաշտպանյալը ցուցմունքում նշել է՝ իրեն առաջադրված մեղադրանքը բացարձակ սուտ է։ «Ցուցմունք տվել է, ասել է, որ դա բացարձակ սուտ է, իրականության հետ ոչ մի կապ չունի, ինքը ոչ մեկին, ոչ մի պետական պահպանության ծառայողի, աշխատակցի իր տուն աշխատանքի չի ընդունել», - ասաց Մհեր Հակոբյանը:
ՀՔԾ-ն միևնույն ժամանակ նշում է, որ Պետական պահպանության ծառայությանը հատկացված միջոցներից այդ ընթացքում վարորդին որպես աշխատավարձ, պարգևատրում և իրային բավարարում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 9.3 միլիոն դրամ, որը Վաչագան Ղազարյանի կողմից ամբողջությամբ վերականգնվել է:
Փաստաբանին ուղղված «Ազատության» հարցին, եթե մեղադրանքը չի ընդունում, այդ դեպքում, ինչպես է ենթադրյալ վնասը վերականգնվել, պատասխանեց. «Այնպես է ստացնում, որ մարդը արդեն հոգնել է երկու տարի շարունակ այդ անիմաստ քրեական գործերից ու արդեն մոտ 60 տարեկան է, երկու տարի է տանում-բերում են, կալանավորում են, հետո արդարացնող հիմքով գործը կարճում են, մարդը հոգնել է, դրա համար էլ վերականգնեց, որ իրեն հանգիստ թողնեն»:
Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ այս գործը մի քանի ամիս է, ինչ քննվում է, Վաչագան Ղազարյանն այդ ընթացքում որևէ կարգավիճակ չի ունեցել, որևէ քննչական գործողություններին մասնակցելու ծանուցում չի ստացել։ Միայն կիրակի օրը, երբ Ղազարյանը մտադիր էր երկրից, ըստ փաստաբանի, մի քանի օրով մեկնել, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
«Կիրակի օրով քննիչը հենց էդ նույն պահին խափանման միջոցն ընտրելու որոշում կայացրած եկել է, օդանավակայնում խափանման միջոց է ընտրել: Ինքը արդեն պետական սահմանը ֆորմալ առումով հատել էր, պետք է մեկներ արտասահման, ինքնաթիռը հետ են վերադարձրել, քննիչը խափանման միջոցն ընտրելու մասին որոշումը գրած բերել է, հենց օդանավակայանում էլ առաջադրել է, դրանից հետո էլ մենակ երեկ կանչել մեղադրանք է առաջադրել, ուրիշ ոչ մի գործողություն չի կատարվել», - ասաց նա:
Պաշտպանը միջնորդել է Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներում կիրառել. «Քանի որ Վաչագան Ղազարյանը Արցախյան ազատամարտի մասնակից է, մասնակցել է Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությանը, միջնորդություն ենք ներկայացրել համաներման կիրառման հիմքով՝ 18 թվականի, քրեական հետապնդումը դադարեցնել, խափանման միջոցը վերացնել»:
Ավելի վաղ, ՀՔԾ-ն կարճել էր Վաչագան Ղազարյանին և նրա կնոջն առնչվող մեկ այլ քրեական գործ, որը վերաբերում էր ինչպես հարկերից խուսափելուն, այնպես էլ ապօրինի հարստացմանը։
ՀՔԾ-ի փոխանցմամբ՝ Ղազարյանը որպես չվճարած հարկ պետությանն է վերադարձրել մոտ 3 միլիարդ դրամ։ Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանն «Ազատությանը» տեղեկացրել էր՝ ապօրինի հարստացման մասով քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Ըստ Փաստաբանի՝ մեղադրանքն առաջադրելու առաջին պահից պաշտպանյալն ապօրինի հարստացման մասով մեղադրանքը չի ընդունել, իսկ 3 միլիարդը վճարել է որպես ժամանակին չվճարված հարկ:
Սերժ Սարգսյանի մերձավորը ձերբակալվել էր 2018-ի հունիսին՝ Երևանի Չարենցի փողոցում գտնվող «Յունիբանկ»-ի մուտքի մոտից, ապա՝ կալանավորվել։ Նա կալանքից առաջին անգամ ազատ արձակվեց 1 միլիարդ դրամ գրավի դիմաց։ Երկրորդ անգամ կալանավորվելուց հետո ազատ արձակվեց 50 միլիոն դրամ գրավի դիմաց։