Իսրայելի առաջխաղացումը Գազայում շարունակվում է

Գազայի հատված - Իսրայելի բանակի կողմից հրթիռակոծության հետևանքները Ջաբալիայում, 31-ը հոկտեմբերի, 2023թ.

Ցամաքային մարտերը Գազայի հատվածում շարունակվում են։ Իսրայելի բանակի առաջխաղացման մասին պաշտոնական տեղեկատվության սղության պայմաններում արևմտյան ռազմական փորձագետները, վերլուծելով բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունը, հանգել են եզրակացության, որ իսրայելական ստորաբաժանումները հարձակվում են երկու ուղղություններից՝ հյուսիսից և արևելքից, փորձելով վերահսկողություն հաստատել Բեյթ Հանուն և Ջաբալիա բնակավայրերի հանդեպ։

Եվ հենց Ջաբալիայում տեղի ունեցավ այս պատերազմի հերթական ողբերգությունը։ Երեքշաբթի երեկոյան իսրայելական բանակի հրթիռակոծության հետևանքով առնվազն 50 խաղաղ բնակիչ զոհվեց, ևս 150-ը վիրավորվեց։

«Ես կորցրել եմ իմ ողջ ընտանիքը՝ 15 հոգի։ Իմ բոլոր քույրերից ու եղբայրներից ողջ ենք մնացել միայն ես և կրտսեր եղբայրս», - ասում է Ջաբալիայի բնակիչ Աբդել Քարիմ Ռայանը՝ Reuters-ի թղթակցին ցույց տալով զոհված հարազատների անուններով ձեռագիր ցուցակը։

Ջաբալիային հասցված հարվածների փաստը հաստատում են նաև Իսրայելի զինված ուժերը՝ առանձնապես չթաքցնելով,որ իրենց գործողությունների հետևանքով ոչ միայն «Համաս»-ի բարձրաստիճան անդամներ են զոհվում, այլև՝ խաղաղ բնակիչներ։

«Մենք ոչնչացրել ենք «Համաս»-ի՝ Ջաբալիայում գործող գումարտակի հրամանատար Իբրահիմ Բիարիին։ Նրա մահը վրա է հասել այն պահին, երբ նա, այլ ահաբեկիչների հետ միասին, պատսպարվել էր Ջաբալիայի փախստականների ճամբարի քաղաքացիական շինություններից մեկի տակ գտնվող ստորգետնյա հրամանատարական կետում։ Բիարիին հասցված հարվածի հետևանքով թե՛ այդ շենքը, թե՛ դրա ներքո գտնվող թունելները, թե՛ մի շարք այլ շինություններ փլուզվել են։ Սա ևս մեկ անգամ վկայում է, թե ինչպես են ահաբեկիչները խաղաղ բնակչությանը ցինիկաբար որպես կենդանի վահան օգտագործում՝ այն նույն խաղաղ բնակչությանը, որին մենք դեռ շաբաթներ առաջ կոչ էինք արել լքել այս տարածքը և հեռանալ հարավ», - այսօր հայտարարում էր Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։

Շարունակվող մարտերի և խաղաղ բնակչության շրջանում անշեղորեն աճող զոհերի թվի ֆոնին այսօր մեկնարկեց Գազայում մնացող երրորդ երկրների քաղաքացիների տարհանումը։ Reuters-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին այլ երկրների անձնագիր ունեցող մոտ 500 պաղեստինցիների հնարավորություն կտրվի անցնել Եգիպտոս։ Երրորդ երկրների անձնագիր ունեցողների առաջին խումբը կեսօրին մոտ հատեց Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետը։ Տարհանվածների առաջին խումբը իսրայելական հարվածների հետևանքով վիրավորված խաղաղ բնակիչներից էր կազմված։

Պատերազմը դադարեցնելուն ուղղված դիվանագիտական ջանքերն առայժմ որևէ արդյունք չեն տալիս։ Նախօրեին ամերիկյան Սենատում կայացած լսումների ժամանակ Գազայում ստեղծված կացության մասին էր խոսում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նրա ելույթը, սակայն, շատ կարճ տևեց՝ ընդհատվելով լսումներին ներկա ակտիվիստների վանկարկումներով։ Ավելի քան մեկ տասնյակ ցուցարարներին, որոնք պահանջում էին Գազայում անհապաղ հրադադադար հաստատել, Սենատի անվտանգության ծառայությունը արագ դուրս բերեց դահլիճից՝ որոշ դեպքերում ուժի կիրառմամբ։

Եվ մինչ Բայդենի վարչակազմն իր անվերապահ աջակցությունն է ցուցաբերում Իսրայելին, տարածաշրջանային խոշոր պետությունները զգուշացնում են՝ Գազայի վրա իսրայելական հարձակումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների ընդլայնմանը։ Այսօր Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ավարտին այս մասին հայտարարեց իրանական դիվանագիտության ղեկավար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը։

«Եթե այս պատերազմն անհապաղ չդադարեցվի, եթե Ամերիկան և Իսրայելը Գազայի կանանց ու երեխաների դեմ այս հարձակումներին վերջ չտան, ապա այս պատերազմը վարող ուժերը շատ ծանր հետևանքների կբախվեն», - հայտարարում էր Աբդոլահիանը՝ հավելելով. - «Եթե պատերազմն անմիջապես չդադարեցվի, ապա տարածաշրջանը կմոտենա մի կետի, երբ վճռորոշ ու նշանակալի որոշումներ կկայացվեն»։

Արևմտյան մամուլում հնչող կարծիքների համաձայն՝ Թեհրանի կողմից ակնարկվող «վճռորոշ քայլերը» կարող են Մերձավոր Արևելքում գործող իրանամետ խմբավորումների ակտիվացում նշանակել։ Երեկ արդեն հայտնի դարձավ առաջին նման փորձի մասին։

Երեքշաբթի երեկոյան Եմենի տարածքի զգալի մասը վերահսկող և Իրանի աջակցությունը վայելող հութիները բալիստիկ հրթիռների և հարվածային անօդաչուների արձակման կադրեր հրապարակեցին՝ նշելով, որ դրանց թիրախը Իսրայելն է։ Ճիշտ է, գոնե մինչև այս պահը որևէ տեղեկություն չկա, որ եմենցիների արձակած հրթիռներից կամ դրոններից որևէ մեկը տեղ է հասել, այնուհանդերձ, Իսրայելը Կարմիր ծովում գտնվող իր ուժերը բերել է մարտական բարձր պատրաստության։