Ֆրանսիան հայ ժողովրդի կողքին է․ դեսպան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը և Լիլիթ Ստեփանյանը Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ երեկ քննարկել են Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանն ու բռնի տեղահանությանը վերաբերող հարցեր, փոխանցում է Ազգային ժողովը:

Ըստ հաղորդագրության՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին ու հայ բնակչության բռնի տեղահանությանը՝ նշվել է, որ դա տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտում, և տեղի ունեցածը եռակողմ պայմանագրի չկատարման հետևանք է:

Ազգային ժողովի պաշտոնական կայքը նշում է, որ դեսպանը ևս շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն ուժի կիրառման հետևանքով է տեղահանվել:

«ԼՂ բնակչության բռնի տեղահանությունը տեղի է ունեցել 9-ամսյա պաշարումից հետո: Կարևոր է հաշվի առնել այն փաստը, որ Ադրբեջանն այս քայլին գնաց Ռուսաստանի Դաշնության մեղսակցությամբ և Թուրքիայի աջակցությամբ ու սատարմամբ»,- ասել է դեսպանը:

Այս համատեքստում հայ խորհրդարանականները կարևորել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը:

Պատգամավորները բարձրացրել են ԼՂ-ից տեղահանված հայ բնակչությանը երկարաժամկետ աջակցություն տրամադրելու հարցն ու շեշտել, որ այդ հարցում ՀՀ-ն միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունի:

Դեսպանը, ըստ հայկական կողմի, նշել է, որ Ֆրանսիան հայ ժողովրդի կողքին է ինչպես ԼՂ շրջափակման 9 ամիսներին, այնպես էլ դրանից հետո:

Դեսպանությունը հանդիպման մասին հաղորդագրություն չի տարածել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Փարիզը ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրեր ստորագրեցին