Հայաստանը պատրաստ է Ադրբեջանից գազ գնել երկու երկրների միջև քաղաքական տարաձայնությունների կարգավորումից հետո: Այդ մասին երեկ Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
«Հակամարտության պատճառով Ադրբեջանից Հայաստան գազա- և էլեկտրամատակարարումների դադարեցումը շոկային իրադարձություն էր Հայաստանի էներգետիկ համակարգի համար, քանի որ այն ժամանակ մենք գազ էինք գնում Ադրբեջանից: Եվ այդ ժամանակ մենք սկսեցինք նոր գազատարի շինարարություն Վրաստանի տարածքով՝ մեր երկիր գազ հասցնելու համար», - ասել է Վարդանյանը՝ հավելելով. - «Խորհրդային ժամանակներում մենք մեր գազն ստանում էինք Ադրբեջանից՝ Ադրբեջանից երեք խողովակաշարերի, Ադրբեջանից երեք հսկայական խողովակաշարերի միջոցով, և այժմ կարող ենք վերականգնել դրանք, եթե այլևս քաղաքական խնդիրներ չլինեն մեր երկրների միջև»:
«Հուսով եմ, որ մեր տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, և մենք կարող ենք համագործակցել ու դիվերսիֆիկացնել մեր էներգահամակարգերը, ինչպես այն ժամանակներում», - նշել է փոխնախարարը:
Հայաստանը ներկայումս գազ է ստանում Ռուսաստանից և Իրանից, Իրանին գազի դիմաց էլեկտրաէներգիա է մատակարարում:
Վարդանյանը նաև ասել է, որ Հայաստանը տարածաշրջանի կենտրոնում է, հետևաբար՝ արևելյան և արևմտյան հարևանների հետ սահմանների բացումը կարող է մեծ հնարավորություններ ստեղծել: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը կարող է դերակատարում ունենալ Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ էլեկտրաէներգիայի մատակարարումներում, ինչպես նաև էլեկտրաէներգիա արտահանել երկու երկրներ:
Հակոբ Վարդանյանն ընդգծել է, որ Հայաստանով է ամենակարճ ճանապարհը ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև՝ Վրաստանի և Իրանի միջև:
Թբիլիսյան համաժողովում իր ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և խաղաղության օրակարգի մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Խաղաղությունն ու դրա շուրջ պատկերացումները՝ հարավկովկասյան երկրների վարչապետների ելույթներումՓաշինյանը Թբիլիսում ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և խաղաղության օրակարգըԱդրբեջանը պատրաստ է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը․ Ասադով