«Մարդու իրավունքների խախտումները դարձյալ նշանավորեցին Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտության վերջին գլուխը», - Հայաստան և Ադրբեջան այցերն ամփոփելով հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը:
«Մարդու իրավունքների նկատմամբ լիակատար հարգանքը և միջազգային չափանիշներին խստորեն հետևելը պետք է այժմ դրվեն երկու երկրների միջև հաշտեցման և կայուն խաղաղության ճանապարհի կենտրոնում», - ընդգծել է հանձնակատարը:
Միյատովիչը երկու երկրներ է այցելել հոկտեմբերի 16-23-ը, հանդիպել է ղեկավար պաշտոնյաների, մարդու իրավունքների պաշտպանների, հակամարտությունից տուժածների, միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, եղել է նաև հայաթափված Լեռնային Ղարաբաղում: «Այցի պատճառը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրում Հայաստան փախած ավելի քան 100 հազար 600 ղարաբաղցի հայերի զանգվածային տեղահանումն էր: Դա հաջորդեց սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություններին, տարածաշրջանի հետագա լիակատար վերահսկողությանը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով ճանապարհի իննամսյա արգելափակման արդյունքում մարդկանց տեղաշարժի ու հիմնական ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարատև խափանումներին», - նշել է Միյատովիչը՝ հավելելով, որ Ղարաբաղի հայերը «հայտնվեցին լքված վիճակում՝ առանց որևէ կողմից որևէ հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների», «նրանց համար տնից հեռանալը միակ հասանելի տարբերակն էր»:
«Ադրբեջանը պետք է երաշխավորի տարածաշրջանում մնացած էթնիկ հայերի և Հայաստան մեկնածների մարդու իրավունքները, ներառյալ՝ ապահով և արժանապատիվ իրենց տները վերադառնալու իրավունքը», - ընդգծել է հանձնակատարը:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Միյատովիչը շեշտել է, որ «այժմ առավել քան երբևէ բոլոր կողմերը պետք է վճռական գործողություններ ձեռնարկեն՝ կանխելու և պայքարելու ատելության խոսքի դեմ, ինչպես նաև աջակցեն համակեցությանը և հաշտեցմանը նպաստող նախաձեռնություններին»:
Հանձնակատարն իր դիտարկումներն ու առաջարկությունները կներկայացնի առաջիկայում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նիկոլ Փաշինյանն ու Դունյա Միյատովիչը քննարկել են արցախցիների տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակըԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն այցելել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կացարան
Մանրամասները տե՛ս այստեղ