Երևանի ավագանու այսօրվա նիստն անցավ լարված մթնոլորտում․ ընդդիմադիր Գրիգոր Երիցյանը հաշվետվություն պահանջեց՝ ինչո՞ւ է երևանցիների գրպանից կատարված վճարներից ավելի քան 87 մլն դրամ ծախսվել քաղաքապետի՝ ուրարտական ոճով երդմնակալության վրա, այն էլ մեկ անձից գնման եղանակով, որը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
«Այս չհիմնավորված ծախսը կատարվել է այն հումանիտար աղետի օրերին, երբ միայն Երևանում ապաստանել է 35 հազար բռնի տեղահանված անձ Արցախից: Խնդրում եմ հստակ նշել, թե մինչ օրս Երևանի քաղաքապետարանը որքա՞ն գումար է տրամադրել Երևանում ապաստանած արցախցիների կարիքների լուծմանը», - հարց ուղղեց Երիցյանը:
Տիգրան Ավինյանն այս հարցին այդպես էլ չարձագանքեց, չպատասխանեց նաև Երիցյանի հարցին, թե Երևանում ապաստանած արցախցիներին աջակցելու համար քաղաքապետարանը որքա՞ն գումար է տրամադրել:
«Երևանի քաղաքապետարանն ամենաինտենսիվ կերպով՝ սկսած այդ անձանց տեղափոխման հարցից, ունեցել է ամենաակտիվ մասնակցությունը: Այդ աշխատանքները մինչև այսօր Երևանի քաղաքապետարանը շարունակում է», - նշեց Ավինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավելի քան 87 միլիոն դրամ Ավինյանի երդմնակալության համար. գումարի մեծ մասը զարդարանքի վրա է ծախսվելԾախսերի նպատակահարմարությունից բացի «Ազգային առաջընթացը», որ մեծությամբ երկրորդ ուժն է քաղաքապետարանում, հարցականի տակ է դնում նաև առաջին նիստի իրավազորության հարցը։ Երդմնակալության օրը ընդդիմադիրները քաղաքապետարան չէին եկել, քվորում չի եղել։ Նորընտիր Տիգրան Ավինյանը հակադարձեց՝ այդ նիստը միայն արարողակարգային էր, որևէ որոշում չի ընդունվել։
«Ազգային առաջընթացը» այսօր էլ հորդորեց ընդդիմադիր մյուս ուժերին բոյկոտել նիստն ու թույլ չտալ, որ ընտրություններում 32 տոկոս ստացած «Քաղաքացիական պայմանագիրը» որոշումներ կայացնի։ Առաջինն իրենք դահլիճից դուրս եկան:
«Հանրային ձայնը», սակայն, հորդորն անտեսեց՝ դահլիճում ներկա 5 անդամներով փոխքաղաքապետերի ընտրությանը ձեռնպահ քվեարկեցին։ Արդյունքում չորս փոխքաղաքապետերից երեքն ընտրվեցին իշխող «Քաղաքացիական պայմանագրից», մյուսը՝ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» կուսակցությունից։
Խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն ինչո՞ւ մնաց ավագանու անդամ և ճի՞շտ են շրջանառվող տեղեկությունները, որ նրա հաջորդ աշխատավայրը Սահմանադրական դատարանն է լինելու:
«Համենայն դեպս ավագանու անդամ է, մանդատը դնելու մտադրություն դեռ չունի: Ես չեմ կարող ասել, միգուցե պարոն Զեյնալյանը գնում է, օրինակ, Հայաստանի Հանրապետության վարչապետ, ես չեմ կարող ասել ինչ կլինի հետո», - պատասխանեց Խաչատրյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայտնի են Երևանի քաղաքապետի տեղակալների թեկնածուներըԻշխող քաղաքական թիմն ինչպե՞ս է որոշել, որ ԱԻՆ նախկին նախարար, քաղաքապետի ընտրություններում ՔՊ շտաբը ղեկավարած Արմեն Փամփուխչյանը լինի քաղաքապետի առաջին տեղակալ։ Նախարարի պաշտոնից հետո արդյո՞ք սա պաշտոնի իջեցում չէ:
«Ես քաղաքական գործիչ եմ, իմ քաղաքական թիմը ժամանակին ինձ տեսել է նախարարի պաշտոնում, ներկա փուլում ունեցել ենք Երևանի ընտրություններ, ես գլխավորել եմ շտաբը, եղել եմ երկրորդ համարը և ինձ համար կարևորը այն ծառայություններն են, որ պետք է մատուցենք», - ասաց Փամբուխչյանը:
Այսօր նիստին կրկին ներկա չէին Հայկ Մարությանն ու ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքը՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ։ Մարությանը, ըստ կուսակիցների, հաջորդ նիստերին կգա, մինչդեռ «Մայր Հայաստանի» դեպքում հստակ չէ՝ նրանք ավագանու աշխատանքներին կմասնակցեն, թե՝ ոչ։ Դաշինքի ղեկավարն այսօր մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: