Հայաստանը հույս ունի, որ առաջիկայում այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Պրահայի քառակողմ, բրյուսելյան երկու հանդիպումների ժամանակ, կձևակերպվեն, կվերահաստատվեն և կդառնան խաղաղության պայմանագրի հիմքը:
WSJ-ի հետ հարցազրույցում վարչապետը ներկայացրել է այդ սկզբունքները։
«Առաջին սկզբունքը, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Այս դրույթը տեղ է գտել Պրահայի հանդիպման ժամանակ», - ասել է նա։
Երկրորդ սկզբունքը, նրա ներկայացմամբ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:
«Եվ երրորդ սկզբունքը, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ճանապարհների, երկաթուղիների բացումը միմյանց և միջազգային առևտրի համար, պետք է տեղի ունենա սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա», - թվարկել է Փաշինյանը։
Չնայած այսօր հայտարարվեց, որ Ադրբեջանը հրաժարվել է ամսվա վերջին Բրյուսելում նախատեսվող հանդիպումից, Հայաստանի վարչապետը հույս է հայտնել՝ այդ հանդիպման ընթացքում այս պայմանավորվածությունները կվերահաստատվեն։