Պաշտոնական Բաքուն Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիին մեղադրել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ «կողմնակալ դիրքորոշման մեջ» և կոչ արել նրան հրաժարվել «սադրիչ հայտարարություններից»։
Բաքուն նաև կոչ է արել Կանադայի արտաքին գործերի նախարարության ղեկավարին, որը Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին չի բացառել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը, ձեռնպահ մնալ «սպառնալիքների լեզվով խոսելուց»։
Ադրբեջանը Հայաստանի հասցեին ևս մեղադրանքներ է հնչեցրել, թե խաղաղության գործընթացը կանգ է առել «Երևանի դիրքորոշման պատճառով»։
Այսօր Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների՝ մինչև հոկտեմբերի վերջ Բրյուսելում ծրագրված հանդիպումը չի կայանա։ Եվրոպացի դիվանագետը պնդել էր՝ ժամանակի սղությունն է պատճառը, չեն հասցրել կազմակերպել։
Ապա Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը հայտարարեց. - «Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը, որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը: Հուսամ` իսկապես խնդիրը կոնկրետ ժամկետներն են, ու առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել»: