Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրներին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Էնդրյու Թըրները Հայաստանում Կանադայի առաջին ռեզիտենտ դեսպանն է։
Նախարար Միրզոյանը վստահություն է հայտնել, որ նա իր գործունեությամբ նշանակալի լիցք կհաղորդի արդեն իսկ լավ հիմքերի վրա կառուցվող հայ-կանադական բարեկամական հարաբերություններին, դրանց առավել ամրապնդմանն ու խորացմանը, ասված է Արտգործնախարարության հաղորդագրության մեջ։
Նրանք ողջունել են Երևանում Կանադայի դեսպանություն հիմնելու որոշումը։
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ դեսպանն իր առաքելությունը ստանձնել է Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում: Ընդգծվել է Հայաստանում ժողովրդավարությանը, ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ամուր աջակցության կարևորությունը: Նրանք խոսել են տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված գործընթացի և առկա հիմնական հարցերի մասին։
Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն իր իսկ անունով բնութագրելու, Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Արցախի 100 հազարից ավել հայերի առաջնային կարիքները պատշաճ ապահովելու, ինչպես նաև նրանց իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը: