Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը սեղանին է, Երևանում հայտարարեց Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլլին՝ չմանրամասնելով՝ արդյոք Կանադայի կառավարությունը ընդհանրապես պատրաստվում է դրանք կիրառել ու ինչ ծավալներով։ Լրագրողի հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սեպտեմբերյան հարձակումից հետո Կանադայի գործողություններին՝ արդյոք Թրյուդոյի կառավարությունը լրջորեն դիտարկում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարց։
Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարը Բաքվի դեմ հնարավոր պատժամիջոցները կապեց Հայաստանի տարածքային ամբողջականության հարգման հետ. - «Երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցներին, ես արդեն պատասխանել եմ այդ հարցին: Ես ասել եմ, որ ամեն ինչ սեղանին է: Այդուհանդերձ, մենք ակնկալում ենք, որ հարգվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եվ մեզ համար սա միանշանակ մի բան է, որին մենք հետևում ենք»:
Նույն բանը Ժոլլին ասել էր դեռ մեկ ամիս առաջ՝ Ղարաբաղում ռազմական հարձակումից հետո Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ անող կանադացի պատգամավորներին՝ «ամեն ինչ սեղանի վրա է», պատժամիջոցներ հնարավոր են։ Ու էլի առանց հստակ ժամկետների՝ օրենսդիր մարմնում հայտարարել էր՝ արդյունավետության համար պատժամիջոցների հարցում ուզում են գործել այլ երկրների հետ միասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ առաքելությանը մասնակցությունն առաջին քայլն է Հայաստանում առավել ներկայություն ապահովելու հարցում. Կանադայի ԱԳ նախարար
Երևանում Ժոլլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումը չհիմնավորված որակեց, իր աջակցությունը հայտնեց Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
«Կանադան բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Բայց, մենք բոլորս էլ համաձայն ենք, որ պետք է անել ավելին: Կանադան կոչ է անում հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և վերահաստատում է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի խստիվ պահպանման կարևորությունը։ Կանադան նաև կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հարգել Լեռնային Ղարաբաղից վերջերս տեղահանված հայերի վերադարձի իրավունքը և բարեխճություն դրսևորելու՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքի վերականգնմանը, էթնիկ հայերի անվտանգ վերադարձի համար», - ասաց նա։
Կանադացի պաշտոնյան հայտարարեց Լեռնային Ղարաբաղը լքած հայերին մարդասիրական օգնությունը ավելացնելու մասին՝ մինչև մոտ 4 միլիոն դոլար. - «Սա ներառում է հավելյալ 1 միլիոն դոլարի ֆինանսավորում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին, 2,5 միլիոն էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ օգնելու մեղմել տառապանքը և հրատապ օգնություն տրամադրել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն ամենաշատը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կանադայի ԱԳ նախարարը հոկտեմբերի 25-27-ը կայցելի Հայաստան
Արարատ Միրզոյանը փաստեց՝ միջազգային ուղերձները ազդեցություն չունեցան, ու Ադրբեջանն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումը։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող Հայաստանի արտգործնախարարը կարծում է՝ որ դեռ կա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հասցեագրման հնարավորություն, որը մինչև պատերազմը պնդում էր Երևանը, մերժում՝ Բաքուն։
«Մենք վստահ ենք, որ առկա են կիրառելի մեխանիզմներ, որոնց արդյունավետ գործարկումը կարող է նպաստել տարածաշրջանում անպատժելության մթնոլորտի հաղթահարմանը և իր հայրենիքից զրկված ժողովրդի իրավունքների հասցեագրմանը», - ասաց նա, կրկին շարադրեց Ադրբեջանի հետ խաղաղության Հայաստանի պատկերացումները. - «Մենք հնարավորություն ենք տեսնում կարգավորել առկա խնդիրներն այն սկզբունքների վրա, որոնք իրենց արտացոլումը գտան Գրանադայի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։ Այդ նպատակով առաջնային է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ բացառելով առավելապաշտական նկրտումները, երկու երկրների միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Խորհդային Միության Գլխավոր շտաբի ամենաթարմ քարտեզների վրա։
Մենք շահագրգիռ ենք նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմամբ՝ հիմնված երկրների ինքնիշխանության, իրավազորության վրա, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքների»։
Միրզոյանն ու Ժոլլին այս հայտարարություններն արեցին Արտգործնախարարությունում։ Այսօր մեկնարկել է Կանադայի դիվանագիտության ղեկավարի եռօրյա այցը, որի շրջանակներում Հայաստանի հետ 32 տարվա դիվանագիտական հարաբերություններ ունեցող Կանադան դեսպանատուն բացեց Երևանում։