Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: Այս մասին հայտարարեց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հեռավար մասնակցում էր Երևանում ընթացող «ԱՊՐԻ Արմենիա»-ի «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանեց ժամանակի սղությամբ. - «Հավատում եմ, որ փոքր-ինչ ուշացման խնդիր է, այլ ոչ թե այլ բան»:
«Մեր նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարևորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Ալիևը, մենք փորձում ենք հիմա Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում», - ասաց Կլաարը` հնարավոր նոր ժամկետներ չնշելով:
«Չնայած դանդաղ ընթացքին՝ հավատում ենք, որ արդյունքը փաստաթղթի ստորագրումը կլինի», - ընդգծեց եվրոպացի դիվանագետը:
«3+3» ձևաչափի վերաբերյալ, որի շրջանակում երկու օր առաջ Թեհրանում կայացավ արտգործնախարարների հանդիպում, Կլաարն ասաց, որ թեև այն խնդիրը լուծող չէ, սակայն կարող է օգտակար լինել՝ «հակասություն չկա»:
Հարցին էլ՝ եթե նոր հարձակում լինի Հայաստանի վրա, ինչպե՞ս կարձագանքի Եվրամիությունը, ԵՄ ներկայացուցիչը պատասխանեց՝ «հիպոթետիկ հարցերը վտանգավոր են, գլխավոր ուղենիշ պետք է ընդունել ինքնիշխան պետությունների սահմանները»:
Մինչև ամսվա վերջ Բրյուսելում հնարավոր եռակողմ հանդիպման մասին հայտարարել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ամսվա սկզբին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որին Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մասնակցել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Միշելի հետ զրույցում Ալիևը բողոքել է Եվրախորհրդարանից ու Ֆրանսիայից, պահանջել «8 գյուղերը»Միշելը հոկտեմբերի վերջին Փաշինյանին և Ալիևին Բրյուսելում հանդիպման է հրավիրումԳրանադայում հնգակողմի փոխարեն կայացավ քառակողմ հանդիպում, ընդունվեց հայտարարությունԱլիևը չեղարկեց Գրանադայի հանդիպումը, Փաշինյանը, միևնույն է, կմեկնի Իսպանիա
Առավել մանրամասն տե՛ս այստեղ