Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը հայտարարել է, որ հրաժարվում է հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ Իսրայելի և «Համաս»-ի միջև հակամարտության վատթարացման կապակցությամբ:
«Ես չեմ հանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, հոկտեմբերի 7-ից հետո հավասարակշռված մոտեցման տեղ չի մնացել, «Համաս»-ը պետք է ջնջվի աշխարհի երեսից», - գրել է նախարարը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Նախարարն այդ հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքի իրավիճակի հարցով բաց բանավեճում:
Նա ասել է, թե պաղեստինյան «Համաս» կազմակերպության արմատականների վերաբերյալ երկիմաստության տեղ չկա, և ամբողջ աշխարհը պետք է ընդունի իսրայելական կողմի տեսակետը:
«Հակառակ դեպքում կազմակերպությանը սպառնում են ամենամութ ժամանակները», - հայացքն ուղղելով նիստին ներկա Գուտերեշին՝ ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը:
Ավելի ուշ Քոենը ՄԱԿ-ում լրագրողներին ասել է, որ պետք է օրվա ընթացքում հանդիպեր Գուտերեշի հետ, սակայն չեղարկել է հանդիպումը։
Նախարարի խոսքով՝ ստեղծված իրավիճակում «Համաս»-ի հետ առճակատման հարցում միակ և անվերապահորեն ընդունելի ընտրությունն Իսրայելին աջակցելն է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը սատարող այցով ժամանել է Իսրայել