Երևանն ու Թեհրանը պայմանավորվել են երկուստեք զրոյացնել բեռնատարներից գանձվող ճանապարհային վճարները։ Այս գումարը բեռնափոխադրողները վճարում են սահմանը հատելիս։
Քաղաքական պայմանավորվածության մասին երեկ հայտարարեցին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը՝ սա շատ կարևոր քայլ համարելով հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
«Միտքը հետևյալն է, որ և՛ իրանական բեռնատարները թե՛ Հայաստանի տարածք մուտք գործելիս, թե՛ Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործելիս, ինչպես նաև հայկական բեռնատարները Իրան մուտք գործելիս և Իրանի տարածքը օգտագործելիս երրորդ երկիր գնալու համար, վճարները ընդհանրապես զրոյացնենք և թողնենք, որ տնտեսության այդ ուղղությունը ավելի հաջող զարգանա», - ասաց Սանոսյանը:
Իրանցի պաշտոնյայի համոզմամբ՝ վճարների զրոյացումը երկուստեք շատ արդյունավետ կլինի: «Եթե ճանապարհային վճարները զրոյացնենք, ապրանքներն ավելի ցածր գներով կհասնեն սպառողներին», - նշեց Բազրփաշը:
Թե երբ վարորդները կազատվեն այս վճարներից, հստակ չէ՝ երկու կողմում էլ օրենսդրական փոփոխությունների կարիք կա։
Իրանական բեռնատարները Հայաստանի սահմանը հատելիս բնապահպանական ու պետական տուրքերից զատ նաև ճանապարհային հարկ են վճարում՝ միջինը մոտ 250 դոլար: Նույնատիպ հարկ են մուծում նաև Իրան մտնող հայկական բեռնատարները։
Ճանապարհավճարները զրոյացնելու հնարավորության մասին վերջին տարիներին պաշտոնյաները պարբերաբեր էին խոսում։ Բանը, սակայն, պայմանավորվածություններին չէր հասնում։
Իրանական բեռնատարներին նախկինում հարկային արտոնություններ տրվել են։ 2018 թվականին գործադիրը որոշել էր ճանապարհային վճարից ազատել բոլոր այն բեռնատարները, որոնք ապրանքները կդատարկեին Մեղրիի մաքսային տարածքում։ Երեք տարի անց, սակայն, իշխանություններն արտոնությունը չեղարկեցին՝ բացատրելով, որ այն իր նպատակին չի ծառայում։ Մեղրիում բեռնաթափվում են Հայաստան մտնող մեքենաների 10-ից 15 տոկոսը։ Մյուս բոլոր բեռնատարների համար, որոնք Հայաստանի այլ քաղաքներում էին դատարկվում, բեռնափոխադրողները նույն ծավալի ապրանք բերելիս ստիպված վճարում էին նույն 250 դոլար ճանապարհային հարկը։
Թե տարվա կտրվածքով որքան է կազմում իրանական բեռնափոխադրողների վճարած ճանապարհային հարկը՝ առանձին վիճակագրություն չկա, «Ազատություն»-ը դիմել է Պետական եկամուտների կոմիտե թվերը պարզելու համար։ Տնտեսագետները չեն շտապում վճարների զրոյացման հնարավոր ազդեցությունների մասին գնահատականներ տալ, քանի դեռ թվերը ձեռքի տակ չեն։
Ապրանքաշրջանառության ծավալներով Իրանը Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերներից է։ 2022-ին հարևան երկրից 600 միլիոն դոլարի ապրանք է ներմուծվել՝ հիմնականում վառելանյութ, շինանյութեր, միրգ ու բանջարեղեն։ Հայաստանից արտահանումն էլ 111 միլիոն դոլար է կազմել՝ Իրանին վաճառվել է հիմնականում մսամթերք, մետաղական թափոններ, փայտանյութ, մեխանիկական սարքեր։
Your browser doesn’t support HTML5