Վրաստանի դատախազությունը բացառում է երկրի նախագահի դեմ քրեական գործի հարուցումը

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն բացառում է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ քրեական գործի հարուցումը։ Այս մասին վրացական դատախազության ղեկավարը խոսել է այսօր՝ պատասխանելով վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչների այն հարցին, թե կարո՞ղ է Սահմանադրությունը խախտելու համար արդյոք երկրի ղեկավարի դեմ քրեական գործ հարուցվել։

«Տվյալ դեպքում խոսքը նախագահի կողմից Սահմանադրության դրույթների խախտման մասին է, ինչը Սահմանադրական դատարանի, այլ ոչ թե դատախազության իրավասությունների շրջանակում է»,- նշել է դատախազը։

Նախորդ շաբաթ Վրաստանի խորհրդարանը չկարողացավ բավարար քվեներ հավաքել Սալոմե Զուրաբիշվիլի պաշտոնանկության համար։ Այս հարցը խորհրդարանի օրակարգում էր հայտնվել այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը վճռել էր, որ երկրի նախագահը իր պաշտոնավարման ընթացքում խախտել է հիմնական օրենքի մի շարք դրույթները, մասնավորաբար նախապես չի համաձայնեցրել իր արտերկրյա այցերը կառավարության հետ։