«3+3» տարածաշրջանային հարթակի հաջորդ հանդիպումը կայանալու է Թուրքիայում, ասված է Թեհրանում երեկ արտգործնախարարների մակարդակով կայացած հանդիպման վերաբերյալ համատեղ հաղորդագրության մեջ։ Ժամկետները չկան, նշվում է, որ դրանք կհամակարգվեն դիվանագիտական խողովակների միջոցով:
Բացի այդ, արտգործնախարարները, հաշվի առնելով երկրների միջև փոխադարձ շահերի և բարիդրացիական հարևանության վրա հիմնված հարաբերությունների զարգացման կարևորությունը, ընդգծել են այդ առումով վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա:
Թեհրանում հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։
Նրանք քննարկել են տարածաշրջանում առկա ամենակարևոր հարցերը և ընդգծել «3+3» հարթակի կարևորությունը
«Տևական խաղաղության և տնտեսական զարգացման խթանման համար պետք է ամրապնդեն երկկողմ և բազմակողմ խորհրդակցություններն ու փոխգործակցությունը:
Դրական գնահատելով այս հանդիպման արդյունքները` նրանք վերահաստատել են, որ այս հարթակը բաց է Վրաստանի հավասար մասնակցության համար», - ասված է համատեղ հայտարարության մեջ։
«3+3» ձևաչափով նախաձեռնությունը 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, ներկայացրել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Պաշտոնական Թբիլիսին դեռ այն ժամանակ է հայտնել, որ հրաժարվում է մասնակցել հավաքներին:
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել հինգ երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին այդօրինակ հավաքը: