Թեհրանում մեկնարկել է «3+3» ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի, Հոսեյն Ամիր Աբդոլահիանի, Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Հավաքին ենթադրվել է նաև Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի ներկայությունը, սակայն Թբիլիսին հրաժարվել է այդ ձևաչափով համագործակցությունից:
Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Reuters-ին, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնակիցների հետ՝ քննարկելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղ համաձայնագիր կնքելու ուղղությամբ։
IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին, հաղորդում է, որ հավաքի մասնակիցները պետք է քննարկեն «տարածաշրջանային խնդիրները՝ առանց տարածաշրջանից դուրս և արևմտյան երկրների միջամտության»։
«3+3» ձևաչափով նախաձեռնությունը 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, ներկայացրել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը: Պաշտոնական Թբիլիսին դեռ այն ժամանակ է հայտնել, որ հրաժարվում է մասնակցել հավաքներին:
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել հինգ երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին այդօրինակ հավաքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը վաղը կմասնակցի «3+3»-ի հանդիպմանը