Հոկտեմբերի 21-ի երեկոյան ռուսական զորքերը հրթիռակոծել են Խարկովի շրջանի Կորոտիչ գյուղը, ինչի հետևանքով զոհվել է վեց մարդ, ևս 16-ը վիրավորվել են, հայտնել է շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Նրա խոսքով՝ հարվածը հասցվել է փոստային՝ «Նովա Պոշտա» ("Новая почта" ) տերմինալին, այն արձակվել է С-300 հակաօդային պաշտպանության համակարգից։ Տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս վեցինը՝ ծանր, ասել է Սինեգուբովը։
Նա հավելել է, որ տերմինալը «զուտ քաղաքացիական հաստատություն է»։
«Նովա Պոշտան» հայտարարել է, որ ընկերության աշխատակիցները հնարավորություն չեն ունեցել ժամանակին հեռանալ դեպի ապաստարան, քանի որ ահազանգը հնչել է պայթյունից վայրկյաններ առաջ։ Կազմակերպությունը հոկտեմբերի 22-ը հայտարարել է սգո օր։