ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը Սպիտակ տանն ընդունել է Եվրամիության առաջնորդներին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի մասին համատեղ հայտարարությունում նշված է, որ նախկինի պես հանձառու են մնում՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը՝ հիմնված միմյանց ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու վրա։
Ադրբեջանին կոչ է արվել ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած կամ իրենց տները վերադառնալու ցանկություն ունեցող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Բոլոր կողմերին կոչ է արվել ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց կամ ուժի դիմելու սպառնալիքներից։
ԱՄՆ-ԵՄ համատեղ հայտարարությունը խստորեն դատապարտում է «Համաս»-ին և նրա դաժան ահաբեկչական հարձակումը Իսրայելի վրա։ «Ահաբեկչությունը ոչ մի արդարացում չունի։ Մենք հաստատում ենք Իսրայելի ինքնապաշտպանվելու իրավունքը այդ նողկալի հարձակումներից», - նշված է փաստաթղթում։
Հանդիպմանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ միասին կանգնած են Իսրայելի կողքին՝ ընդդեմ ահաբեկչության, նշել, որ պաղեստինցի ժողովուրդը ևս «Համաս»-ի զոհն է։ Շառլ Միշելն ասել է, թե ցանկանում են խաղաղության գործընթաց՝ հիմնված երկու պետության սկզբունքի վրա։
ԱՄՆ նախագահը երեկ կայացած այդ հանդիպմանը ասել էր, որ Իսրայելից ու Եգիպտոսի նախագահից հավաստիացումներ է ստացել, որ հումանիտար օգության համար Գազայի հատվածի անցակետը կբացվի, ասել, որ քննարկում են իրավիճակը Իսրայելում և Ուկրաինայում ու նաև տնտեսական հարցեր է շոշափել՝ առաջարկելով քննարկել մետաղի, ալյումինի, օգտակար կարևոր հանածոների, նրա խոսքերով, «անարդար առևտուրը»։
Նահանգները և Եվրամիությունը Ռուսաստանին կոչ են արել դադարեցնել դաժան պատերազմը և անհապաղ, ամբողջովին ու առանց վերապահումների դուրս բերել զորքերը Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքից։
ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնորդները վերահաստատել են աջակցությունը Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը և նրանց եվրոպական ձգտումներին։